Category: Հարցազրիւյցներ
Published on 13 March 2013
Print

ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը շարունակում է մնալ նույնը, այն էապես չի փոխվել:NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ բժիշկներն ամեն ինչ անում են, բայց ամենակարեւորը դեռ չի ստացվում: «Թեւիս աշխատանքը բարելավվել է, թեւս, ուսագոտին բարելավվում է, բայց մատներս, որոնցով հիմնական աշխատանքը պետք է անեմ, թուլանում է: Ոնց որ մատների փոխարեն ինչ-որ բաներ լինեն, թմրած են եւ ցավոտ»,- նշեց նա:

Նախագահի նախկին թեկնածուին բժիշկներն ասել են, որ 3-6 ամիս կարող է տեւել ապաքինումը, իսկ բարեկամներն եւ ընկերները անընդհատ հորդորում են մեկնել արտերկիր եւ բուժվել: «Ահագին տեղեր են արել, skype-ով էլ որոշ մարդկանց` բժիշկների հետ եմ խոսել ԱՄՆ-ում, Բելգիայում, Հոլանդիայում ծանոթներ կան, պայմանավորվել եմ, բայց ուզում եմ տեսնեմ ինչ կլինի այստեղ»,- նշեց նա:

Հայրիկյանի մտերիմներն անընդհատ ասում են, որ կարող է ուշացնում է արտերկիր մեկնելը, բայց ինքը պատրաստվում է սպասել մեկ շաբաթ, եւ եթե փոփոխություն չլինի, ապա հնարավոր է մեկնի արտերկիր բուժվելու: «Ժամկետ չեմ դրել, կարող է վաղն էլ ասեն գնացեք ու գնամ»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ,  հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Դրանից հետո նա տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, վիրահատվել այնտեղ, իսկ վերջերս այնտեղից տեղափոխվել է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է տասներկուսից քսան տարի ազատազրկում կամ ցմահ դատապարտում): Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում,  փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները: Ավելի ուշ նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանն է կալանավորվել, նա մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար:

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>