ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը իրազեկում է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան՝ ուրբաթ օրը, ժամը 19:00-ին հանրային հավաք անցկացնելու համար: Մեր զրույցում Հայրիկյանն ասաց, որ այդ օրը պատրաստվում են հավաք կազմակերպել՝ քննարկելու սահմանադրության նոր նախագիծը: Հայրիկյանն ասաց, որ հավաքին մասնակցելու են այլ քաղաքական ուժերից եւս, սակայն չմանրամասնեց, թե որ ուժերի մասին է խոսքը: «Մենք հրապարակային քննարկում ենք անցկացնելու սահմանադրության վերաբերյալ: Նրանք, որոնք գտնում են, որ հրապարակած նախագիծը դավադրություն է եւ ասելիք ունեն դրա վերաբերյալ, բոլորին պատրաստ ենք ամբիոն տրամադրել ու լսել»,-ասաց Հայրիկյանը: Մեր ճշտող հարցին, թե նոր սահմանադրության «ո՛չ»-ի քարո՞զ են սկսելու, Հայրիկյանն արձագանքեց.«: «Ոչ»-ի քարոզի պետք ունեն նրանք, ովքեր ասելիք չունեն: Հրապարակված նախագիծը հանրային քննարկման չի արժանացել, դա բարեփոխում չէ այդտեղ մոդել չկա ու մենք կներկայացնենք մեր պատկերացումները»: Հայրիկյանը հայտարարեց, որ միայն «ոչ» ասում են նրանք, որոնք թույլ են ու «հավես չունեն քննարկելու»: ԱԻՄ նախագահի խոսքով՝ հարցը միայն ժխտումը չէ. «Մենք հետեւյալ գաղափարներն ունենք՝ պետական նվազագույն համակարգ որպես սպասարկող, առավելագույն քաղաքացիական ներկայություն եւ ոայ սկզբունքը, որ ոչ մի քաղաքացու ձայն չպետք է կորի: Սա է մեր պատկերացումը»: ԱԻՄ նախագահն ասաց, որ իրենք պայքարելու են իրենց նպատակների իրականացման համար եւ քաղաքացու իրավունքների պաշտպանության համար: «Ես հրապարկային գործունեության կողմնակից եմ ու կուզեմ, որ շատ ուժեր լինեն: Հնարավոր է իրենցից մի բան էլ մենք սովորենք: Կարող եք համարել, որ բոլոր առողջ քաղաքական ուժերը կլինեն»,-հայտարարեց ԱԻՄ ղեկավարը:
Աղբիւր՝ armtimes.com