1990թ. այս օրը զոհվեց Մովսես Գորգիսյանը։Lurer.com-ի հետ զրույցում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, հիշելով իր ընկեր Մովսես Գորգիսյանին, ասաց.
«Հայ ժողովրդի մեծագույն կորուստներից մեկն է եղել իր մահը։ Համարձակ, խիզախ, ստեղծագործական մտքի տեր, շնորհալի, ինչպես նաև լավ հռետոր։ Մեծ ու իրական հայրենասիրությունը պետք է իրենից սովորեն։ Ճշմարիտ և աստվածատուր շնորհ ուներ. Մովսեսը երբեք չէր հաշվում, թե ո՞րն է շահավետը։ Նա ասում էր. «երբ դուք այլընտրանքի առաջ եք կանգնած, թե ո՞ր ուղով գնաք, որ արդյունավետ լինի՝ արդյունավետության մասին մի մտածեք, փնտրե՛ք ճիշտը։ Հաճախ Մովսեսից վկայակոչում են "կեցցե՛ այն Հայաստանը, որը վաղն է գալու" արտահայտությունը, բայց նա ավելի խորքային խոսքեր ևս ուներ»։
Պարույր Հայրիկյանը նաև հիշում է, որ երբ նրան խնդրեց «Հրապարակայնություն» հանդեսի խմբագիրը դառնալ, հետո նաև «Հայրենիք» հանդեսի, ինքն ասում էր,- «բայց ես մասնագիտությամբ ռեժիսոր եմ, ես ո՞նց պիտի անեմ այդ աշխատանքը»: Բայց երկու ամիս հետո մասնագիտությամբ ռեժիսոր Մովսես Գորգիսյանը կարող էր մրցել ամենալավ խմբագիրների հետ։ Երբ ձերբակալվեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները, ի պաշտպանություն նրանց անգամ տպագրեց երկլեզու «Մեղադրվում են» ժողովածուն։
«Բայց որոշեցին վերացնել նրան: Մեծություն էր, ով շատ օգտակար կլիներ։ Խանգարում էր միջակություններին և ԿԳԲ-ի գործակալներին»։