Category: Հրապարակումներ
Published on 28 March 2013
Print

Իշխանության ինչի՞ն էր պետք հարվածել Պարույր Հայրիկյանին: Ի՞նչ տրամաբանությամբ կայացվեց նրա բուժօգնության ծախսը հոգալու որոշումը: Մի՞թե որոշում կայացնողների համար պարզ չէր, որ վստահության, սոցիալական ծայրահեղ բեւեռվածության, առողջական եւ սոցիալ-տնտեսական ահռելի խնդիրներին տիրապետող տեղեկատվական հանրույթի, 35 տոկոսից ավելի աղքատություն ունեցող հասարակության եւ պետության համար այդ որոշումից հետո Հայրիկյանը դառնալու էր ծաղրի, հեգնանքի, սարկազմի առարկա:

Նրա հանդեպ մահափորձն առանց այդ էլ բավական ենթարկվեց այդօրինակ վերաբերմունքի: Արժանի, թե ոչ, այլ խնդիր է: Կարծիքներն այստեղ տարբեր են, եւ ոմանք մահափորձի հետեւում տեսնում էին շատ լուրջ վտանգներ՝ ի դեպ, այդ թվում նաեւ Հայրիկյանին ծաղրի առարկա դարձնող որոշում կայացրած իշխանությունը, իսկ ոմանք մահափորձին այդպես էլ լուրջ չվերաբերեցին, իհարկե շատերը մարդկայնորեն ցավելով Հայրիկյանի համար:

 

Մի՞թե կառավարության համար քիչ էր եղած սարկազմը, հեգնանքը, որ կարիք կար նոր որոշումով ավելացնել այդ դոզան: Թե՞ կար հենց այդ խնդիրը, որ կամ իշխանությունն ինքն էր դրել իր առաջ, կամ հանձն էր առել որեւէ մեկի առաջ ունեցած պարտավորությունից ելնելով:

Դժվար է ասել, բայց որ խնդիրը լուծվել է գրեթե փայլուն կերպով՝ որոշելով Հայրիկյանի բուժման համար հարկատուների փողից հատկացնել 50 հազար դոլար, անկասկած է:

Միգուցե այլ հասարակության պարագայում, այլ իրավիճակում որոշումը լիներ ռացիոնալ: Հասարակական համակեցության, պետական կառավարման, պետություն-հասարակություն հարաբերությունների այլ որակի, քաղաքական համակարգի եւ ընդհանրապես քաղաքականություն հասկացության հանդեպ հանրային վստահության այլ մակարդակի եւ պատկերացումների պարագայում, երբ լիովին այլ կլիներ նաեւ պետական արժանապատվության հանրային զգացումը, քաղաքացիները գուցե իրենք պահանջեին կառավարությունից ֆինանսավորել մի մարդու առողջության վերականգնման գործընթացը, որն իր կյանքի երիտասարդությունը զոհել է խորհրդային բանտերին՝ Հայաստանի անկախության համար պայքարելով, եւ ում սպանելու փորձով ինչ որ ուժեր ցանկացել էին պետական կառավարման կարեւոր գործընթաց տապալել:

Բայց Հայաստանում իրականությունը բոլոր առումներով հեռու է դրանից, եւ իշխանությունը ամենից լավ գիտեր այդ մասին: Եվ իմանալով հանդերձ կայացվում է այդպիսի որոշում, հանրային գիտակցության եւ մահափորձի ենթարկված Հայրիկյանի միջեւ քաշելով նոր ու բավական խոսուն մի անջրպետ:

21-րդ դարում կան ֆինանսական աջակցության հարյուրավոր մեթոդներ, որոնցից ընտրվել է ամենաանցանկալիներից մեկը: Դա խոսում է կամ որեւէ դիտավորության, կամ պետական կառավարման համակարգում մարտահրավերների հանդեպ բացարձակ ոչ ադեկվատության, կամ էլ պարզապես Հայաստանի ինքնիշխանությունը սպասարկելու այդ համակարգի անկարողության մասին:

Պետական միջոցներով ֆինանսավորելով Հայրիկյանի բուժումը, իշխանությունն իհարկե գուցե ուզում է այլ մեսիջ փոխանցել, որ Հայրիկյանը գտնվում է պետական հոգածության ներքո եւ պետությունը հանդիսանում է նրա դեմ մահափորձի այսպես ասած «իրավատերը»:

Սակայն, «իրավատեր» լինելու լավագույն տարբերակը Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի լիարժեք բացահայտումն է, եւ որքան ուշանա այդ բացահայտումը, այդքան արժեզրկվելու են թե մահափորձը, թե պետության բաց թողած մեսիջները:

Բոլոր դեպքերում, հարցն իսկապես լուրջ է, եւ սեղանին ոչ այնքան 20 միլիոնն է, որքան անկախ պետականության 20 տարին:

 

Աղբյուր՝ lragir.am

 
Category: Հրապարակումներ
Published on 22 March 2013
Print

ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ ուղղված մահափորձից հետո նրա առողջական վիճակն այդպես էլ չի բարելավվում, կրակոցից վնասվել է նրա նյարդային համակարգը: Ըստ ամենայնի՝ նա իր բուժումը կշարունակվի Գերմանիայում: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը:

«Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձ պատվիրելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով' նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար: Ավելի վաղ՝ փետրվարի 10-ին, ԱԱԾ-ն Հայրիկյանի դեմ մահափորձի գործով ձերբակալել է երկու կասկածյալի' 1972թ. ծնված Սամվել Հարությունյանին և 1966-ին ծնված Խաչատուր Պողոսյանին: Վերջինս նախկինում դատապարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար։ Երկուսն էլ խոստովանական ցուցմունք են տվել: Ցուցմունք է տվել նաև Վարդան Սեդրակյանը և պնդել, որ որևէ առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ:

Քանաքեռում, որտեղ բնակվում են երեք ձերբակալվածներն էլ, Սամվել Հարությունյանի մասին հիացմունքով են խոսում. «Կարգին տղա է, խելոք աշխատող»,- ասում են հարևանները՝ այդպես էլ չպատկերացնելով՝ ինչ կապ պետք է ունեցած լինի Սամվելը հայտնի պատմության հետ: Ս. Հարությունյանի մայրը՝ Ռոզա Գալստյանը, թեև տրամադրություն և ցանկություն չունի որևէ մեկի հետ խոսելու, սակայն մեզ հետ համաձայնեց զրուցել: Ռոզա Գալստյանի մյուս որդին էլ է ձերբակալված, սակայն նա չցանկացավ խոսել մյուս որդու մասին: Երբ իմացել է որդու ձերբակալության մասին, գրեթե կաթված է ստացել:
Մայրը պատմեց, որ 41-ամյա որդին երկար տարիներ շինարարությամբ է զբաղվել, թեև մասնագիտությամբ ավտոմեխանիկ է, բայց ձեռքից շնորհքով է՝ թե տանիք է նորոգում, թե լուսամուտ, թե սալիկ ամրացնում: Նա պատմեց Վարդան Սեդրակայնի և իր որդու ծանոթության մասին: Վ. Սեդրակյանը բնակվում է իրենց հարևանությամբ: Քանաքեռցիները զարմացած են, թե ինչ արագությամբ Վարդան Սեդրակյանը սկսեց հարստանալ, ձեռք բերել մեքենաներ և տներ, քանի որ, ինչպես մեզ հետ զրույցում նշեցին, մի քանի տարի առաջ իրենց պես սովորական ապրող էր, սակայն շատ արագ «թփռոշացավ»:

2011-ին Վ. Սեդրակյանը Սամվելին դիմել է նախ Քանաքեռի տունը վերանորոգելու նպատակով, Սամվելն ու ընկերը նախ տանիքն են վերանորոգել, հետո բակն ու պարիսպները: Արդեն 2012-ի գարնանը Սամվելը Վ. Սեդրակյանի մոտ անցել է մեկ այլ աշխատանքի՝ հիմա էլ Վ. Սեդրակյանի Եղվարդի ամառանոցն են վերանորոգել: Արդեն 2012-ի նոյեմբերին Վ. Սեդրակյանը կանչում է իր մոտ նախագահական ընտրություններից առաջ և առաջարկում նախագահական ընտրություններին իրար հետ աշխատեն. «Ուրիշները պետք է աշխատեն, դուք աշխատեք»,- ասել է Վարդան Սեդրակյանը: Նախընտրական քարոզարշավի ժամանակ Սամվելը աշխատել է Վ. Սեդրակյանի նախընտրական շտաբում, թռուցիկներ են տարել մարզեր և այլն: Տիկին Ռոզան ասաց, որ Վ. Սեդրակյանի ընտանիքի հետ մտերիմ հարաբերություններ երբեք չեն եղել, գնալ-գալ չի եղել.

Հետաքրքրվեցինք՝ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի օրը հիշո՞ւմ է տղան որ ժամին է տուն եկել. Սամվելը բնակվում է տան երրորդ հարկում՝ ընտանիքից առանձին: Կինը' վեց տարեկան դստեր հետ մոր տանն է ապրում, ընտանիքն անհաշտ է: «Այդ օրը կոնկրետ չեմ կարող ասել՝ որ ժամին է եկել, այդ օրը մինչև ժամը հինգը-վեցը տանն է եղել, հաց կերել, հետո երեկոյան չգիտեմ քանիսին եկավ, միայն ոտքի ձայները լսեցի, իմացա արդեն տուն է եկել, հանգիստ քնեցի, բայց կոնկրետ չեմ հիշում՝ որ ժամին եկավ, որ ժամին գնաց»,- ասաց մայրը՝ հավելելով, որ որդին այդ օրը եղել է սովորականի պես, անհանգստություն էլ մոտը չի նկատել: Մայրը որդու մոտ արդեն երեք անգամ տեսակցության է գնացել:

Կատարվածը տիկին Ռոզան հեքիաթ է համարում, ամեն օր պառկելիս մտածում է՝ գուցե երա՞զ է, թե՞ իրականություն, ուզում է գնալ Հայրիկյանի մոտ և խնդրել՝ տեսնի՝ արդյոք իր որդի՞ն է եղել:

Ի դեպ, մինչև կալանավորվելը Վ. Սեդրակյանը որևէ անգամ չի փորձել հետաքրքրվել, չի հանդիպել Սամվելի մորը: «Ես Աստծուն հավատում եմ, գիտեմ, որ իմ տղան մեղավոր չէ, երևի Աստված իրեն կփրկի»,- ասաց տիկին Ռոզան: Տասը օրը մեկ անգամ թողնում են որդին զանգի մորը, այսօր էլ զանգել է և ասել, որ մայրը չգնա, ուտելիք չտանի, որ լիքը ուտելիք կա: Հիմա մայրը պատրաստվում է մարտի 28-ին որդուն տեսակցության գնալ:

Մայրը պատմեց, որ Սամվելը աշխատել է մի շարք պետական հիմնարկություններում, աշխատել է նաև «ՎիվաՍելում» գրասենյակներ են վերանորոգել: Հիմա Սամվելի բոլոր ընկերները զարմացած են, չեն հավատում կատարվածին:

Ի դեպ, Վարդան Սեդրակյանի կինը՝ Ռուզան Վարդանյանը, չցանկացավ հանդիպել մեզ հետ, սակայն նշեց, որ կատարվածը բոլոր նորմալ մարդկանց համար աբսուրդ է և անհասկանալի, որևէ տրամաբանական բան չկա դրանում: Նա ասաց, որ խոսում է ամուսնու հետ, որ նրա առողջական վիճակը նորմալ է, նորմալ է ամեն ինչ:

Խաչատուր Պողոսյանի ընտանիքի անդամները տանը չէին, բայց դրսում կանգնած էր «Մերսեդես» մակնիշի մեքենան, որը, քանաքեռցիների պատմելով, բոլորովին վերջերս էր Խաչիկը ձեռք բերել, դրանից առաջ մեկ «Նիվա» ուներ, բայց գործերը, ըստ ամենայնի, լավացան:

Թե ինչ հանգուցալուծում կստանա կատարվածը, դժվար է ասել, բայց տիկին Ռոզան աղոթում է առ Աստված, որ գործի արդարադատությունը, և կատարվածի համար պատժվեն իրական մեղավորները»,- գրում է «Ժամանակը»:

 
Category: Հրապարակումներ
Published on 02 March 2013
Print

ԵԱՀԿ/ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի միջազգային դիտորդական առաքելությունը հրապարակել է Հայաստանում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ ևս մեկ զեկույց՝ «Երրորդ միջանկյալ զեկույց» անվանումով: Նշենք, որ, փետրվարի 19-ին հրապարակված նախնական զեկույցում խոսք չէր գնում 3-րդ միջանկյալ զեկույցի մասին:

Նոր զեկույցում դիտորդները նշել են, որ փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ սերտ կորրելյացիա է նկատվել ընտրողների մասնակցության և գործող նախագահի ստացած քվեների միջև: Այն տեղամասերում, որտեղ ավելի բարձր մասնակցություն է գրանցվել, ավելի շատ ձայն է ստացել Սերժ Սարգսյանը: 1988 ընտրատեղամասերից 1746-ը ունեցել են 300-ից ավելի գրանցված ընտրողներ: Նրանցից 144-ում ընտրատեղամասերում մասնակցությունը գերազանցել է 80 տոկոսը, ինչը անհավանական բարձր է թվում: Նրանցից 115-ում գործող նախագահը ստացել է ավելի քան 80 տոկոս ձայն: 303-ից 198 տեղամասերում, որտեղ մասնակցությունը կազմել է 70-80 տոկոս, Սարգսյանը ստացել է քվեների ավելի քան 70 տոկոսը: 249 տեղամասերում որտեղ մասնակցությունը կազմել է 50 տոկոսից ցածր, Սարգսյանը ստացել է ավելի քան 50 տոկոս քվե' դրանցից 40 տեղամասերում, Հովհաննիսյանը' 50-ից ավելի տոկոս քվե' դրանցից 155 տեղամասերում:
Սերժ Սարգսյանին օգտին գրանցված բարձր արդյունքների այս տենդենցը, որը նկատվել է հիմնականում բարձր մասնակցություն գրանցած տեղամասերում, լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս' ամբողջ ընտրական գործընթացի նկատմամբ վստահության հարցում»,- գրված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հրապարակված զեկույցում: Ի դեպ, նշենք, որ առաջին անգամն է, որ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը ընտրությունների վերաբերյալ գնահատական է տալիս սեփական վերլուծությունների հիման վրա:

 

Աղբյուր` lratvakan.am

 
Category: Հրապարակումներ
Published on 05 March 2013
Print

Երեւանի կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ սկսել է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, իրեն էպոսագետ համարող Վարդան Սեդրակյանին երկու ամսով կալանավորելու հարցի քննությունը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը դատարանից:

Նա մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար։ Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար։

Մինչ այդ, այսօր` մարտի 5-ին, NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ` խուզարկություններ են կատարվել Սեդրակյանի մեքենաներում եւ գրասենյակում, նաեւ նրա տանը:  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Վարդան Սեդրակյանը նշել էր, թե տեղեկություն չունի իր տան խուզարկության եւ իրեն ձերբակալելու մասին շրջանառվող տեղեկություններից: «Ես հիմա տանը չեմ, աշխատանքի վայրում եմ, նման տեղեկություն չունեմ»,- ասել է նա: Հարցին, թե որտեղ է աշխատում, նա պատասխանել էր, որ «Արմատ» ակումբում է, շուտով դուրս է գալու»: Նախագահի նախկին թեկնածուն ասել է նաեւ, որ իրեն ձերբակալելու մասին լուրերին վերաբերում է հումորով:

ԱԱԾ մամուլի ծառայությունից էլ NEWS.am-ին հայտնեցին, որ ընթանում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ,  հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է տասներկուսից քսան տարի ազատազրկում կամ ցմահ դատապարտում): Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում,  փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները: Ի դեպ, երկուսն էլ Վարդան Սեդրակյանի բնակարանում վերանորոգման աշխատանքներ են իրականացնել:

 
Category: Հրապարակումներ
Published on 17 February 2013
Print

1988 թուականի փետրուար... Երբ հայ ժողովրդի գերակշիռ մասը Լենին Պարտիայ –Գորբաչով վանկարկելով, ակնկալում էր ,որ Արցախի հարցը շուտով Մոսկուայում իր լուծումը պէտք է գտնի, հայ քաղաքական կեանքում, Տիրոջ կամքով, հայտնուեց մի մարդ, ով ասաց ողջ ճշմարտութիւնը. այն է՝ հայ ժողովրդի բոլոր խնդիրների՝ այդ թւում Արցախի հարցի յուծման բանալին Խորհրդային Հայաստանի անկախացումն է։ ԵՒ դա ոչ անյայտ Պարոյր Հայրիկեանն էր, ում խորհրդային բռնապետութեան 18 բանտային տաժանակիր տարիները ամենեւին էլ չէին ընկճել եւ ետ պահել իր պայքարից։ Հայրիկեանի վճռականութիւնից վախեցած մոսկովեան իշխանութիւնները փորձեցին նրան ֆիզիկապէս մեկուսացնել՝նախ ձերբակալելով եւ ապա ձեռնաշղթաներով Աֆրիկա ուղարկելով։ Սակայն հեռաւորութեան վրա էլ՝ ԽՍՀՄ-ից դուրս լինելով, Հայրիկեանը կայսրութեան անսասանութեանը, ամբողջականութեանը սպառնացող համար առաջին գործիչն էր։ Սա լաւ հասկանալով, Կրեմլը իր քարոզչամեքենայի ողջ զինանոցը օգտագործեց վարկաբեկելու եւ նսեմացնելու անկախութեան դրօշակակրին։ Այսպիսով Հայրիկեանի ազդեցութիւնը չէզոքացնելու նպատակով՝ փորձեցին հոգեպէս ու բարոյեապէս նրան սպանել։ Ինչ հերիւրանքներ ասես, որ չտարածեցին նրա մասին, նոյնիսկ ծաղրի սկսեցին ենթարկել նրա արտաքինը։ Այս ամէնում ցաւալին այն էր, որ Հայրիկեանի վարկաբեկմանը մասնակից էին ոչ միայն օտարազգի գործակալները, այլեւ դրանց հայազգի կամակատարների մեծ բազմութիւն։ Նրա դէմ սկսեցին գործել թէ՛ տեղի կոմունիստ-կոմսոմոլները , թէ ՛ դրսի աւանդական կուսակցութիւնները եւ թէ՛ իշխանութիւններին հլու հնազանդ չեկիստ մտաւորականներն ու լրագրողները, ըստ որոնց՝ Հայրիկեանը ներկայացւում է իբրեւ ազգի թշնամի։

Ժամանակը ցոյց տուեց, որ Կրեմլի մտավախութիւնները հիմնաւոր էին, որուհետեւ հէնց Պարոյր Հայրիկեանը դարձաւ Խորհրդային Միութեան եւ Արեւելեան Եւրոպայի ազգային-ժողովրդավարական շարժումների ընտրուած առաջնորդը, որին յետագայում ԱՄՆ-ի պաշտպանութեան նախարարը յանձնեց պատուո տախտակ, որի վրա գրուած էր. «Ողջունում ենք Ձեր խիզախումը, որը սկիզբ հանդիսացաւ 300 մլն. ժողովրդի ազատագրմանը »։ Բարձրաստիճան պաշտօնեայի կողմից նման խօսքերի Հայրիկեանից բացի որեւէ գործիչ երբեք չի արժանացել։

Ի վերջոյ, ըստ Հարիկեանի նախանշած ճանապարհի, Հայաստանում 1991 թուականի սեպտեմբերին անցկացուեց անկախութեան հանրաքուէ։ Թւում էր թէ մեր նորանկախ պետութեան ղեկավարը պէտք է լիներ անկախութեան առաջնորդը, սակայն Հայաստանի նախագահ դարձաւ մէկը, ով յակառակը՝ հրապարակաւ յանդես էր եկել Անկախ Հայաստանի դէմ։

Բնականաբար ամէն նորանկախ երկիր, եւ յատկապէս թշնամաբար տրամադրուած հարեւան ունեցողը, պէտք է մտածի ազգային սահմանադրութիւն եւ բանակ ունենալու մասին։ ԵՒ ահա, երբ Հայրիկեանը սկսեց հանդես գալ դրանց ստեղծման հրամայականով, իշխող վարչախմբի կողմից դա թշնամաբար ընդունուեց։ Ամէն ինչ արւում էր Հայրիկեանին դարձեալ վարկաբեկելու եւ հեղինակազրկելու համար։

Երկրորդ նախագահն էլ իր հակահայրիկեանական քայլերով աւելի հեռուն գնաց՝ փակելով ազգային բոլոր արժեքաւոր գաղափարները հայ հանրութեանը մատուցած եւ նրան առաջնորդած

ԱԻՄ կազմակերպութեան բոլոր գրասենեակները։ Հիշենք ,որ այս նախագահի օրոք Հայաստանի ռազմավարական կարեւոր օբյեկտներն ինչ-որ պարտքի դիմաց յանձնուեցին Ռուսաստանին։

Ինչեւէ, 1988 թուականից արդէն քառորդ դար է անցել, եւ պատմութիւնը նոյնութեամբ կրկնւում է։ Անկախութեան առաջնորդ Պարոյր Հայրիկեանը մասնակցում է Հայաստանի Հանրապետութեան նախագահի ընտրութիւններին։ Իր ուղղերձը սկսում է հետեւեալ խօսքերով. «Մենք միասին վերականգնել ենք Անկախ Հայաստանը, այժմ եկել է ՊԱՀ-ը միասին կերտելու Ազատ Հայաստան»։ ԵՒ այն ժամանակ, երբ Հայրիկեանի խօսքով ժողովուրդը ձերբազատւում էր իրեն պարտադրուած վախից եւ հուսահատութիւնից, երբ սկսել էր աճել նրա վարկանիշը, երբ Հայրիկեանի ջանքերով հասունանում էր նաեւ միասնական թեկնածուի առաջադրման գաղափարը, երբ իրօք արդէն շոշափելի էր դառնում հայ ժողովրդի ինքնորոշման իրաւունքի լիակատար իրագործումը, այդ ժամանակ է, որ Պարոյր Հայրիկեանի հանդէպ հերթական մահափորձն է կատարւում։ ԵՒ ով կարող է պնդել, թէ դա նախկին ձեռագրով չի կատարուել, ինչի մասին, որ ասաց ինքը՝ Հայրիկեանը։

Սակայն ամենացաւալին ու զարմանալին ոչ թէ մահափորձի բուն գործողութիւնն էր, այլ դրան հետեւուած զարգացումները, յատկապէս այն պահից սկսած, երբ Հայրիկեանը սկսեց խօսել մահափորձի չեկիստական ձեռագրի մասին։ Կարծես թէ Կրեմլի հակահայրիկեանական հին քարոզչամեքենան գործի դրուեց։ 25 տարուա վաղեմութեան սցենարը սկսեց կրկին նոր թարմութեամբ գործել: Չչկարողանալով Հայրիկեանին ֆիզիկապէս ոչնչացնել, պէտք էր փորձել նրան բարոյեապէս սպանել։ ԵՒ ով ասես, որ չլծուեց այս գործին՝ թէ ՛ ՀԱՊԿ-ի գլխաւոր քարտուղար Բորդիւուժան, որը յայտարարեց, թէ Հայրիկեանի հետ կատարուածը մահափորձ չի եղել, եւ թէ՛ նրա գաղափարակից հայաստանեան կուսակցապետեր, նախագահի թեկնածուներ (մարդիկ, որոնք հայ ազգային քաղաքական կեանքում բացարձակապէս ոչ մի ներդրում չունեն), ծախու մտաւորականներ, լրագրողներ. մի խօսքով դիւային մի ստուար, բայց եւ ճղճիմ զանգուած։ Կարծես թէ ողջ աշխարհի թոյնն ու մաղձը հաւաքուել էր հայոց աշխարհում՝ վերջնականապէս խորտակելու Ազատութեան ասպետին։

Սրանք նախ սկսեցին մեղադրել Հայրիկեանին, թէ ինքն է կազմակերպել իր մահափորձը՝ վարկանիշը բարձրացնելու համար։ Հետոյ յայտարարեցին, թե Հայրիկեանը համագործակցում եւ առեւտուր է անում իշխանութիւնների հետ՝ ընտրութիւնները չյետաձգելու վերաբերեալ եւ մի շարք այլ հերյուրանքներ։

Եթե սրանք մարդ լինեին եւ ոչ թափթփուկ, ապա ոչ թէ կը մեղադրեին հանուն հայրենիքի իր կեանքը վտանգած, վիրաւոր վիճակում գտնուող Հայրիկեանին, այլ թեւ ու թիկունք կը լինեին ու կը սատարեին նրան՝ քաջ գիտակցելով, որ Հայրիկեանի վրա ձեռք բարձրացնողը, հարուածում է Հայաստանի ինքնիշխանութեանը:

Սրանք, եթէ կամակատար էլ չեն, ապա այնքան ստրկամիտ են, որ չեն կարողանում հասկանալ, թէ ինչու է Հայրիկեանը այս մահափորձի մեջ Ռուսասաստանի կայսերապաշտ ուժերին տեսնում։ Այդ առումով նախ նշենք, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակից պետութիւնը չէ. պարզապէս Հայաստանը կիսագաղութային կախվածութիւն ունի Ռուսաստանից։ Ռուսաստանը Հայաստանում տիրապետում է ռազմավարական նշանակութիւն ունեցող բոլոր օբյեկտները, որով մեր երկիրն իր ինքնիշխանութիւնը կորցնում է։ ԵՒ հետո Ռուսաստանը ժողովրդավարական երկիր չէ եւ ամէնեւին էլ շահագրգռուած չէ, որպեսզի Հայաստանում կայուն ժողովրդավարութիւն հաստատուի։ Այդ ի՞նչ կոյր մոլագար նուիրում է մեկի հանդէպ, ում համար

դու ոչ մի արժեք չունես։ Ով քո երկրի անկախութիւնը կործանեց եւ հողերի մեծ մասն էլ նուիրեց մեր հարեւաններին, սպանեց տասնեակ հազարաւոր մտաւորականների ու հոգեւորականների, Նժդեհը, որի անունն այդքան շատ ենք արտաբերում, իր մահկանացուն կնքեց ռուսական բանտում։ ԵՒ այդ մասին փոխանակ դուք խօսեք, ցեխ եք շպրտում նրա վրա, ով աներկիւղ այս ճշմարտութիւններն է ջրի երես հանում։

Այդ մարդկանց դիմելով, ես ուզում եմ ասել, որ որքան էլ սատանայի ջրաղացին ջուր լցնելով, փորձեք նսեմացնել Պարոյր Հայրիկեանին, դա ձեզ չի յաջողուի, քանզի Տիրոջ Աջը հովանի է նրան։ Այն ինչ այսօր կատարւում է Հայաստանում՝ Աստուածաշնչում հիշատակուած Գառան (Քրիստոսի) եւ Կարմիր գազանի պատերազմի շարունակութիւնն է, որում Քրիստոսը պատերազմի դրօշակը յանձնել է իր ընտրեալ հայորդուն։ Պատերազմելով նրա դեմ, դուք կը պատերազմեք Աստծոյ դէմ։ Դուք, որ փոշի եք հսկա ժայռի դիմաց, շուտով կանէանաք, երբ պատմութեան քամին փչի, ձեզանից ոչ մի հետք էլ չի մնա։

Մինչ փետրուարի 18-ը մի քանի օր է մնացել։ Այդ օրը խորհրդանիշն է հայ ժողովրդի ազատասիրութեան, քանի որ 1921 թուականի փետրուարի 18-ին տապալեցինք բոլշեւիկեան բռնատիրութիւնը եւ կարճ ժամանակով վերականգնեցինք Ազատ ու Անկախ Հայաստանը։ Ուրեմն այդ նուիրական օրը ազատութեան ձգտումը դարձեալ պէտք է հաղթի ստրկամտութեանը, արդարութիւնը՝ կեղծիքին, արժանապատւութիւնը՝ ստորաքարշութեանը, լոյսը՝ խաւարին։

 

ԱՐՍԷՆ ՊՕՂՈՍԵԱՆ

 

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>