Category: Հրապարակումներ
Published on 01 February 2013
Print
«Այս զազրելի հանցագործությունն ուղղված էր ոչ միայն ՀՀ նախագահի թեկնածուի, ոչ միայն Հայրիկյան պետական գործչի, այլև մեր պետականության դեմ»,– լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով քիչ առաջ այցելել է հիվանդանոցում գտնվող Պարույր Հայրիկյանին։
Թեմայի շուրջ

Նրա խոսքերով, ակնհայտ է, որ նրանք, ովքեր կանգնած են հանցագործության հետևում, նպատակ են ունեցել ազդել ընտրությունների բնականոն ընթացքի վրա։

«Բոլորը պետք է վստահ լինեն, որ ամեն ինչ արվելու է, որ հանցագործությունը բացահայտվի։ Բժիշկներն արդեն կարճ ժամանակահատվածում ամեն ինչ արել են, որ Հայրիկյանն իրեն լավ զգա։ Բոլորիդ խնդրում եմ նրան առողջություն մաղթել»,– ասել է Սերժ Սարգսյանը։

 

Աղբյուր` eMadia.am

 
Category: Հրապարակումներ
Published on 01 February 2013
Print

Փետրվար 18-ին նշանակված նախագահի ընտրությունները, որոնց արդեն որոշ շրջանակներ կնքել են «ոչ մրցակցային», «անհետաքրքիր», «կանխորոշված» որակումներով, անսպասելի ընթացք են ստանում: 

Հունվարի 21-ին մեկնարկած քարոզարշավի երկրորդ շաբաթվա կեսին` հունվարի 31-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երեւանի կենտրոն վարչական շրջանում (Երեւանի Տպագրիչների 9 հասցեում) մահափորձ իրականացվեց նախագահի թեկնածուներից մեկի` Պարույր Հայրիկյանի դեմ հենց նրա տան մոտ, ինչից հետո նա անմիջապես տեղափոխվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 

Դեպքից հետո ժամեր պահանջվեցին, որ հստակ դառնա, որ Պարույր Հայրիկյանին հրազենային վնասվածք հասցվել է ոչ թե որովայնի կամ կրծքավանդակի շրջանում, այլ աջ անրակի հատվածումոչ թե երկու, այլ մեկ կրակոցից, նրան ոչ թե անհապաղ վիրահատում են, այլ հետազոտություններից հետո պատրաստում են վիրահատության, կամ էլ անգամ դեռեւս պարզ չէ` վիրահատության անհրաժեշտություն կլինի՞, թե՞ ոչ, հիվանդի վիճակը ոչ թե ծայրահեղ ծանր է, այլ միջին ծանրության, եւ այսպես շարունակ:

Լրատվական դաշտում այսպիսի քաոսը միայն լրագրողական անարհեստավարժության կամ անփութության հետեւանքով չի լինում: Նրանք, ովքեր բախվել են նմանատիպ իրավիճակների, հրաշալի գիտեն, որ նաեւ ինֆորմացիոն օպերացիաներ են իրականացնում` հրապարակ նետելով տարբեր, հաճախ հակասական տեղեկություններ հասարակական-քաղաքական վերաբերմունքը հետախուզելու, հանրային քննարկումներն ուղղորդելու եւ անելիքները ճշգրտելու նպատակներով…

Եթե Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի պատճառները անձնական-կենցաղային հողի վրա չեն, ապա մինաշանակ է, որ կրակել են ոչ միայն նախագահի թեկնածուի, քաղաքական գործիչի վրա, ավելի ստույգ` մահափորձ են իրականացրել ոչ միայն նրա, այլեւ նախագահական ընտրությունների դեմ:

Պատահական չէ, որ դեպքից րոպեներ անց սոցիալական ցանցերում տարածվեց ՀՀ սահմանադրության 52-րդ հոդվածը, որի համաձայն՝ «Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը»:

Ինչո՞ւ ՀՀԿ-ը շտապեց իր գնահատականներում

Դեպքից անմիջապես հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն Պարույր Հայրիկյանին տեսակցելու շտապած ՀՀԿ եւ ՀՀ ղեկավարությունը ապշեցրեց իր հայտարարությունների ուղղվածությամբ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե «առաջին հերթին սա հարվածում է իշխանությանը եւ պետականությանը»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «խորհրդարանական մեծամասնությանՀՀ իշխանությունների, իշխող քաղաքական ուժի» անունից դատապարտելով կատարվածը, այն որակեց «սադրանք` ուղղված իսկական, խաղաղ, ժողովրդավարական գործընթացների դեմ, ինչը ուղղված է նաեւ մեր(իշխանության-հեղ.) դեմ», նաեւ շեշտեց, որ «այստեղ տեսնում եմ հստակ սադրիչ գործողություն թափանցիկ, ժողովրդավարական, ազատ ընտրությունների դեմ», «որի հարցում ամենաշահագրգռվածը մենք ենք»: 

Էլ ավելի հեռուն գնաց Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով եւս, դատապարտելով կատարվածը, անբացատրելի կերպով «համոզված է, որ իրավապահ մարմիններն ամեն ինչ անում են, որպեսզի այս հանցագործությունը դատապարտվի. բացահայտվի, եւ կբացահայտվի», «որպես իշխանություն` ամեն ինչ անելու ենք, որ բացահայտվի»: Ինչպես նաեւ նա գնահատական հնչեցրեց, թե արարքը «ուղղված է ժողովրդի դեմ», «այս կարեւոր պահին տեսնելով, որ ընտրությունները, քարոզարշավը ընթանում է շատ բարձր որակով, օրենքի համաձայն»«այս քայլը, իրոք, միտումնավոր քայլ է եւ ուղղված է իշխանության դեմ` ձախողելու, ապակայունություն ստեղծելու երկրում», եւ «համոզված եմ, դա չի հաջողվելու հանցագործին ու նրա թիկունքում կանգնած քաղաքական ուժերին»: Սակայն Աբրահամյանը հրաժարվեց տալ «կասկածվող» քաղաքական ուժերի անունները: Խոսելով ընտրությունների վրա այս մահափորձի ազդեցության մասին՝ նա նշեց, թե դրանց հետաձգումը «օրենքը չի բացառում, եւ մեր թեկնածուի վիճակը ցույց կտա` եթե ապաքինվի, ապա կշարունակենք»:

Իսկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ ֆեյսբուքյան իր պատին գրառում կատարեց հետեւյալ բովանդակությամբ. «Պարույր Հայրիկյանի վրա կատարած մահափորձի բացահայտումը պահանջում է դեռևս հին հռոմեացիներին հուզող հարցի պատասխան` ԻՍԿ ՈՒՄ ԷՐ ԴԱ ՁԵՌՆՏՈՒ: Ինչ նպատակներ էին հետապնդում հանցագործները, դժվար չէ կռահել` ա. իրավիճակի ապակայունացման փորձ, բ. ընտրությունների ստվերման փորձ, գ. միջազգային գնահատականները սաստկացնելու փորձ, դ. նոր ընտրությունների նշանակում /թեկնածուի, Աստված հեռու պահի, մահվան դեպքում ըստ Ընտրական օրենսգրքի հոդված 98 կետ 3/»:

Առանց խորքային վերլուծության էլ նկատելի է, որ ՀՀԿ ղեկավարության հայտարարությունները ավելին են, քան գնահատականը: Դրանք մատնանշում են հանցագործության թիրախը, ըստ որում` անբնական վստահությամբ ցուցանում են մահափորձի եւս մեկ թիրախի/զոհի: Այն, որ այս մահափորձը ուղղված է պետականության, ժողովրդի, ընտրությունների դեմ, անվիճելի է: Սակայն չի կարող աչքի չզարնել, թե ինչպես է իշխանությունը հետեւողականորեն իր անունն ավելացնում դրանց կողքին` իր համար ստեղծելով ալիբի, թե երկրում իրենք են ամենաշահագրգռվածը ազատ, թափանցիկ, ժողովրդավարական ընտրությունների անցկացման, առանց «շինծու լարվածության» հանգիստ քարոզարշավի ու հանդուրժողականության հարցում, եւ ահա, հանցագործը, ի դեմս իր թիկունքում կանգնած քաղաքական ուժերի, փորձում է ստվեր նետել ընտրությունների վրա, անգամ հետաձգել կամ չեղյալ համարել դրանք ու հասնել նոր ընտրությունների:

Առայժմ անպատասխան հարցեր են ծագում իշխանության այսպիսի պահվածքից. ինչո՞ւ է իշխանությունը իր համար նման ալիբի ստեղծում… Մի՞թե իշխանությունը ավելի մեծ շահաբաժին չէր ստանա այն PR-ից, որը օբյեկտիվորեն ստեղծվելու էր ոճրագործության առնչությամբ, եթե հայտարարեր, որ մահափորձն ուղղված է ընտրությունների, ժողովրդավարական գործընթացների, պետականության ու ժողովրդի դեմ, ինչի հետ համաձայնել չես կարող, եւ ուղղակի արագ բացահայտեր հանցագործությունը, իր անունն էլ չտար որպես զոհ:Մի՞թե ավելի տրամաբանական չէ, որ եթե հանցագործության թիրախներից մեկը իշխանությունն էր, ինչպես իրենք են պնդում, ապա այդ դեպքում մահափորձը կիրականացվեր իշխանության ներկայացուցիչի կամ նրա թեկնածուի, այլ ոչ թե Պարույր Հայրիկյանի դեմ…

Բայց իշխանության ներկայացուցիչները, ալիբի ստեղծելուց զատ, ցուցանում են, թե ո՞ր եւ ո՞ւմ ուղղությամբ մտածել… Ըստ որում, տասնյակ աղմկահարույց սպանությունների բացահայտման հարցում ձախողված իշխանությունը անբնական համոզվածություն ու վստահություն է հայտնում, որ հանցագործությունը կբացահայտվի եւ գիտի, թե ում էր դա ձեռնտու… Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ իշխանությունը գիտի, թե ո՞վ է կատարել հանցագործությունը (գիտեր նախապատրաստվող հանցագործության մասին, բայց չի կանխել), թե՞ ցանկանում է, որ նա կատարած լինի: Ինչո՞ւ է իշխանությունը ջանում, որ այդ ամենում իրեն կասկածող չլինի՞: Չէ՞ որ ոչ մեկ չէր էլ հասցրել կասկածել… Այդ դեպքում, ինչո՞ւ է իշխանությունը ջանում, որ իրեն չկասկածեն…  

Իրավիճակը բավական նման է 1999թ. հոկտեմբերի 27-ի քաղաքական ահաբեկչությունից հետո ստեղծվածին, երբ ՌԴ այն ժամանակվա վարչապետ Վ.Պուտինը դեպքից հետո հայտարարեց, թե «սպանվել են Ռուսաստանի բարեկամները», իսկ նույն օրը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թալբոթն էր Երեւանում` նախագահական նստավայրում հանդիպել թե նախագահ Ռոբերտ Քոչարյանի, թե զոհեր Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի հետ` «պարզելու համար նրանց վերաբերմունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակի վերաբերյալ»: Եւ այս ամենը հանգեցրեց տարատեսակ վերլուծությունների, թե աշխարհի որ գերտերությանն էր ձեռնտու Հայաստանի քաղաքական ղեկավարության սպանությունը` այն կապելով Արեւմուտքի ու ղարաբաղյան հիմնախնդրի հետ: Իսկ Վ.Պուտինն արդեն ուղղորդել էր, թե ո՞ւմ եւ ո՞ր ուղղությամբ չմտածել... Նույն ձեռագրով Ռոբերտ Քոչարյանի թիմն էր կատարվածը որակում իբրեւ պետականության/իշխանության դեմ ուղղված հանցագործություն եւ ալիբի ստեղծում իր համար…  Արդյունքում անգամ ՀՀ առաջին նախագահ Լեվոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց համախմբվել իշխանության շուրջը… 

Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձից ժամեր անց շրջանառության մեջ դրվեցին ամենաանհավանական վարկածները`ակնարկելով հանցագործության  թե ներքին հետքի, թե արտաքին հետքի (նախագահի թեկնածու Արման Մելիքյան կոչ արեց մահափորձը գնահատել կենցաղայինից մինչեւ թուրքական միջամտություն) մասին: Բոլոր վարկածներն էլ տեղավորվում են «իսկ ու՞մ էր դա ձեռնտու» հարցադրման շրջանակներում: Մինչդեռ, հայտնի բան է, որ քաղաքականության մեջ ինչ-որ բան կարող է ձեռնտու լինել շատերին, բայց դա չի նշանակում, որ նրանք բոլորն էլ դրա կատարողներն են: Այլ կերպ ասած` եթե անգամ այդ երեւույթի հանդեպ տարբեր սուբյեկտների դիրքորոշումներ նույնական են, ապա դրա տակ ընկած շահերը կարող են արմատապես տարբեր լինել: Հետեւաբար, այն, ինչին կանդրադառնանք վերլուծության շարունակության մեջ, ոչ մի կերպ չի խախտում որեւէ մեկի անմեղության կանխավարկածը, չի պատասխանում «ո՞վ  կրակեց» հարցադրմանը:  Բայց օգնում է հասկանալ, թե ի՞նչ է կատարվում մեր երկրում այդ կրակոցից հետո եւ ի՞նչ պետք է սպասել…  

շարունակելի 

Ստեփան Սաֆարյան
Քաղաքական վերլուծաբան

 
Category: Հրապարակումներ
Published on 29 January 2013
Print

Երեկ տեղի է ունեցել քարոզարշավի ողջ ընթացքի համար աննախադեպ մի իրադարձություն, որը կարող է որոշակիորեն նոր իրավիճակ ստեղծել «կանխորոշված» համարվող ընտրություններում: Նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Պարույր Հայրիկյանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` ընտրությունների օրինականության ապահովման նպատակով մի քանի պահանջներ ներկայացնելով իշխանություններին:

Տվյալ դեպքում այդ հայտարարության բովանդակությունը երկրորդական է: Էականն ինքնին փաստն է, որ գոնե հանրային ընկալմամբ` ոչ իշխանական թեկնածուները համատեղ նախաձեռնություն են իրականացրել` դեռևս հայտարարության ձևաչափով: Այսինքն` սա մինչև նախագահի ընտրությունը միասնաբար հանդես գալու թեկուզ տեսական հնարավորություն է, կամ գուցե այդ հնարավորությունը ստեղծելու դեռևս առաջին քայլը:

Ողջ հարցն այն է` արդյո՞ք նշված երեք թեկնածուները կկարողանան օբյեկտիվ գնահատել սեփական հնարավորություններն ու պատրաստ կլինեն հանել թեկնածությունը` քվերաթերթիկում երեքից մեկի անունը թողնելու նպատակով: Դա ևս չափազանց բարդ է: Գրեթե նույնքան բարդ, որքան անգամ միասնաբար հանդես գալու դեպքում իշխանությանը գոնե երկրորդ փուլ պարտադրելը: Բագրատյանը, Հովհաննիսյանը և Պարույր Հայրիկյանն ավելի շատ տարբերություններ ունեն, քան ընդհանրություններ: Ե՛վ գաղափարական, և՛ մարդկային, և՛ արժեքային հարթություններում: Միասնաբար հանդես գալու համար նրանցից յուրաքանչյուրը պետք է որոշակի արգելքներ հաղթահարի` թե՛ քաղաքական ու գաղափարական, թե՛ մարդկային ու արժեքային հարթություններում: Բայց դժվար լինելով հանդերձ` դա, ըստ էության, միակ հնարավորությունն է` ոչ միայն ընտրություններում ինչ-որ բան փոխելու, այլ ընտրություններից հետո քաղաքական դաշտի վերջնական ամայացումը կանխելու իմաստով:

Այս` հնարավորության եզակի լինելու հանգամանքն է, որ նշված թեկնածուներին կարող է ստիպել վեր կանգնել սեփական հավանականություններից, ու օբյեկտիվ գնահատելով երեքից մեկի հնարավորությունները` միասնաբար հանդես գալ մեկ` հակաիշխանական թեկնածուով: Դա, ի դեպ, կարող է անսպասելիորեն հասարակությանը դուրս բերել ներկայիս ապատիկ վիճակից և իշխանության համար «հանգիստ» երևակվող ընտրություններում հաղթելը դարձնել լրջագույն խնդիր:

2008 թվականից հետո Հայաստանի ընտրազանգվածի ընդդիմադիր տրամադրվածությունը եթե չի ավելացել, ապա առնվազն չի նվազել: Առանձին-առանձին նշված երեք թեկնածուները գործնականում չեն կարող այդ ընտրազանգվածը կոնսոլիդացնել, սակայն միասնաբար հանդես գալու դեպքում` այդ հեռանկարը կարող է միանգամայն իրատեսական դառնալ: 1996 թվականը դրա լավագույն վկայությունն է:

 

Աղբյուր՝ 168 ժամ

 
Category: Հրապարակումներ
Published on 31 January 2013
Print

«Երկրորդ փուլն անխուսափելի է, եթե այս երեք թեկնածուներից (նկատի ունի` Պարույր Հայրիկյան, Հրանտ Բագրատյան և Րաֆֆի Հովհաննիսյան) գոնե երկուսը չմիավորվեն: Եթե երկուսը միավորվում են, մեկ փուլով կավարտվի, իսկ եթե երեքը ընդհանուր հայտարարի գան իսկապես մեկ փուլով կավարտվի, և նույնիսկ նախագահական աթոռը չի օգնի մեր չորրորդ գործընկերոջը»,- այսօր, անդրադառնալով նախընտրական գործընթացներին, լրագրողների հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը: Նա կարևորեց երեք թեկնածուների միավորումը և միասնական պայքարը: Այնուհետև, Պ. Հայրիկյանն անդրադարձավ իր «գլուխգովանության» մասին խոսակցություններին և նշեց. «1990 թվականին երբ ստիպված եղան ինձ թույլ տալ վերադառնալ, ԱՄՆ-ի պետքարտուղարությունից անուղղակի առաջարկ ստացա աշխատել ԱՄՆ-ի ՄԱԿ-ի մարդու իրավունքների դեսպան: Բնականաբար, ես նույնիսկ նվազագույն ուշադրության չարժանացրի. ես ունեմ Հայաստան, գալու եմ Հայաստան», ապա հավելեց, որ դեռևս 25 տարի առաջ ինքը կարողացել է նման բարձր վարձատրվող պաշտոնները անտեսել և հիմա էլ` մտնելով ընտրական գործընթացների մեջ որևէ անձնական շահ չի հետապնդում և պարզապես ունի ծրագրեր, որոնք, իր համոզմամբ, կարող են օգտակար լինել ժողովրդին: Նա նաև ասաց, որ 1990 թվականին ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյա, հետագայում` փոխնախագահ Դիք Չեյնին իրեն շնորհել է մի պատվո տախտակ, որտեղ իր մասին ասված է. «Քո վճռականությունից ու գործնականությունից սկիզբ առավ 300 միլիոն մարդու ազատագրումը»: «Հետո ԱՄՆ-ի սենատորները առանձին մեծ ժողովում, որտեղ անդրադառնաում էին իմ կենսագրությանը` որպես բացառիկ երևույթ, նման մի բան էլ իրենք են տալիս Պարույր Հայրիկյանին, ում նվիրվածությունից սկսվեց ժողովրդավարական գործընթացները Սովետական միությունում»,- լրագրողներին ներկայացնելով իր ստացած պատվո տախտակները, եզրափակեց Պ. Հայրիկյանը:

 

Աղբյուր՝ armtown.com

 
Category: Հրապարակումներ
Published on 28 January 2013
Print

ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ դադարեցնում է երեք օր առաջ սկսած հացադուլը ու ևս մեկ անգամ կայցելի Անդրիաս Ղուկասյանին: Հայրիկյանը գրել է.«Հացադուլիս երրորդ օրն է։ Կեանքումս առաջին անգամ է, որ առանց ջրի մէկ օրից աւել եմ գոյատեւում լիարժեքօրէն մասնակցելով ընթացիք գործերին, կատարելով թէ մտաւոր եւ թէ մարմնական աշխատանքները։ Այսօր մարզանքս չարեցի․ սրտիս շրջանում ճնշուածութիւն կար։ Ընդհանրապէս խորհուրդ են տալիս չուտելու ժամանակ շատ ջուր խմել, բայց քանի օր Անդերաս Ղուկասեանի անժամկետ հացադուլին սատարում եմ միայն եռօրեայ հացադուլով, որոշեցի գնալ չոր տեսակի կիրառման ճանապարհով։ Քիչ անց եւս մէկ անգամ կայցելեմ իրեն․․․ Ի դէպ, քայլս վարակիչ է դարձել եւ նոյնիսկ կարող է շարունակական լինել։ Երեկ Շանթ Յարութիւնեանն ասաց, որ իմ աւարտելու պահից ինքն է ազդարարելու եռօրեայ հացադուլ։
Եւրոպական մասնագիտական կազմակերպութեան հարցումներով, չնայած ես թեկնածուների շարքում երրորդն եմ, սակայն մէկ այլ՝ քաղաքական գործի համար կարեւորագոյն անուանակարգում՝ ծրագրերի նկատմամբ ժողովրդի վերաբերմունքի ոլորտում՝ առաջատարը։
Այսինքն՝ եթէ առաջադրուած ծրագրերի նկատմամբ ժողովրդի ունեցած վերաբերմունքով այսօր որոշուեր առաջատար քաղաքական գործիչը (իսկ դա որպէս կանոն, հիմնական չափորոշիչն է), ապա մենք մտածելու բան չէինք ունենայ․․․
Բայց փաստ է, ու դա հաստատւում է նաեւ մեր մարդկանց կատարած անաչառ հարցումներով, որ ծրագիր-քաղաքական գործիչը մի քանի անգամ աւելի շատ ձայներ ունի քան մարդ-քաղաքական գործիչը։ Այդ տարբերութիւնը կարող էր նոյնիսկ մի քանի տասնեակ տոկոսով արտայայտուել, բայց երբ մի քանի հարիւր տոկոս է, պէտք է ենթադրել, որ մարդիկ ոչ բնականոն իրավիճակում են՝ վախեցած կամ ․․․ Այս կամ-ն է որ պէտք է արագ պարզենք ու արագացնենք մադ-գործիչ եւ ծրագիր գործիչ վարկանիշների ներդաշնակումը»։

 

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>