Ազգային ինքնորոշում միավորումը քննարկել է Հայատանում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններից հետո սկսված հետընտրական զարգացումները եւ դրանց վերաբերյալ ունի հստակ որոշում եւ ձեւակերպումներ:NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը մեջբերելով «քո շքերթի ժամանակ չենք ուզում, որ անձրեւ գա» ասույթը, նշեց, որ դրանից ելնելով` ընդհանուր գնահատականը չեն հնչեցնում, որովհետեւ բոլորն են իրենց շատ վատ զգալու.«Եթե այսօր վատ չզգան, վաղն են վատ զգալու, որովհետեւ Հայրիկյանի դիակի վրա նախագահականի համար պայքարը, բնական է, լավ ավարտ պետք է չունենար: Ես կարողացա Հայրիկյանի դիականացումը կանխել, բայց ընդհանրապես եւ քաղաքական ուժերը, եւ քաղաքացին մտածելու բան ունեն: Հայրիկյանի դիակի վրա չէր կարելի աթոռի համար կռիվ տալ»,- նշեց նա:
Հայրիկյանը նշեց, որ ընդդիմադիր թեկնածուները նախագահական ընտրություններին մերժեցին իր երկխոսության առաջարկը, բայց գնացին իշխանության հետ երկխոսության, երբ իր դեպքում պայմանները շատ ավելի լավն էին եւ հաղթական էին:
«Ի վերջո ինչի՞ հանգեցին, որ պետք է երկխոսեն, երկխոսությունն էլ ինչի՞ հանգեցրեց` Հայրիկյանի ծրագրի՞ն: էս էլ որերորդ անգամ: Ես ասում էի 6 ամսից 2 տարվա ընթացքում սահմանադրական բարեփոխումներ, համակարգային փոփոխություններ: Հիմա տեսեք իշխանությունն ինչ է առաջարկում, դիմացինը ի՞նչ է առաջարկում, բա ինչի՞ եք իրարից նեղանում, ընդունեիք Հայրիկյանի ծրագիրը, ինչքա՞ն կարելի է ողորմելի ու վերջում էլ ուտող-ուրացող լինել»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին, ապա Պարույր Հայրիկյանը նշեց, որ քաղաքական աշխարհը հացադուլի դեպքեր շատ է տեսել, բայց հացադուլով որեւէ բանի չես հասնի, «հացադուլով բարոյական շեշտադրում կարող ես անել, դա քաղաքական պայքարի ձեւ չէ»: Ինքն անձամբ հացադուլներ շատ է արել` ինչ-որ հարցերի հետ կապված շեշտադրում անելու նպատակով:
«Մարդկությունն ունի դեպքեր, երբ մարդիկ հացադուլից մահացել են, իհարկե աշխարհը շուռ չի եկել: Ես սիրում եմ այն գործիչներին, որոնք գիտեն, թե ինչ են ուզում եւ գիտեն գոնե մեկ շաբաթ առաջ: Քաղաքական գործիչը պետք է իմանա, թե ինչ ծրագրեր ունի, ինչ ժամանակացույցով: Հակառակորդի համար դու պիտի կանխատեսելի չլինես, բայց ընկերներիդ, գործընկերներիդ, քաղաքացիներիդ համար պետք է լինես բաց: Սա համարեք, որ բոլորիս է ուղղված»,- նշեց նա:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի` ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի` իր դիակի վրայով երդվելու մասին հայտարարությունը` նա նշեց, որ Անդրիաս Ղուկասյանի արած հացադուլին հասնելու համար ահագին ժամանակ է պետք, իսկ նա, Փառք Աստծո, դիակ չդարձավ. «Եթե դիակի մասին եք խոսում, ապա մի փորձ է եղել Հայրիկյանի դիակի վրայով դառնալ նախագահ, այդ փորձը եղել է, բոլորն արել են, անմակարդակ զանգվածը դրան ընթացք է տվել, հիմա հաջորդ դիակի մասին դեռ խոսք չկա, Աստված ոչ անի, որ Րաֆֆին լինի»,- նշեց Հայրիկյանը:
ԱԻՄ առաջնորդն ասաց, որ զանգվածային դժգոհությունը շատ տրամաբանական եւ առողջ է, դա ընդվզում է որեւէ բան ցուցադրելու համար, այլ բան է քաղաքական պայքարը: «Րաֆֆի Հովհաննիսյանը, մյուսների անունները չեմ էլ ուզում տամ, թող ներող լինեն, իր շանսը կորցրեց, որովհետեւ ես իմ բաց նամակով առաջարկել էի լուծում, որը ընդունելի էր բոլորի համար, նույնիսկ պարզվում է Սերժ Սարգսյանի համար: Ինքը առիթից այդ պահին չօգտվեց, հիմա գործը տասնապատիկ ավելի դժվար է»,- նշեց Հայրիկյանը:
Նրա խոսքով` պայքարը ինքնանպատակ չպետք է լինի, այլ որոշակի ծրագրերի իրականացման համար: «Իր սկսած պայքարը ո՞րն էր, ժողովրդավարության նվազեցումը, եթե մարդը խոսում է խորհրդարանական հանրապետություն ստեղծելու մասին, այսինքն` նախագահական ընտրություններին երկրորդական տեղ է տալիս, ժողովրդավարության առկայությունը պակասում է, չեմ հասկանում իր պայքարը ո՞րն էր, դա՞ է իր պայքարը` նվազեցնել ժողովրդավարությո՞ւնը, ես այդ տեսակ պայքարը չեմ ողջունում, պայքարի արդյունքում պետք է ավելացնել ժողովրդավարությունը, ոչ թե պակասեցնել: Լավ, Բագրատյանը ասենք ՀՀՇ-ական էր, կարճամիտ, ինքնասիրահարված, կարծում էր, թե սովխոզի դիրեկտոր պիտի դառնար, բայց դու` Րաֆֆի, քեզ թվեր էի չէ՞ ցույց տալիս, ցույց էի տալիս` ինչ է կատարվում, այդ պահը չես օգտագործում, հետտ ուզում ես ինչ-որ բանի հասնել, դժվար է չէ՞ լինելու»,- նշեց նա:
ԴԷՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ
Նուիրում եմ բոլոր ժամանակների բոլոր ազգերի ազատասէր մարդկանց..
Ժողովրդավարութիւնը մեծագոյն համամարդկային արժէքներից է։ Պետութիւնների ժողովրդավարականութեան կողմնակիցներն արձանագրում են, որ իր բոլոր թերութիւններով հանդերձ ժողովրդավարութիւնը հասարակական յարաբերութիւնների կարգաւորման եւ ազգային պետական կեանքի կառավարման լաւագոյն համակարգային հնարաւորութիւնն է։ Ընդգծւում է նաեւ այն, որ ժողովրդավարութիւնը դարձել է միջազգային յարաբերութիւնների կարգաւորման, պետութիւնների խաղաղ գոյակցութեան եւ զարգացման գլխաւոր նախապայմանը։