Այսօր Բաղրամյան 26-ի մոտ կազմակերպված ինքնաբուխ բողոքի ակցիային մասնակցում էր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նա, տեսնելով ակցիայի մասնակիցների մոտ՝ «Ոչ Սովետական միություն վերադարձին» ցուցապաստառը՝ հայտարարեց, որ այսուհետեւ միանալու է Մաքսային միություն մտնելու որոշման դեմ բողոքի ակցիաներին: Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ մեթոդներով է պետք պայքարել դրա դեմ, երբ արդեն ՀՀ նախագահն արել է պաշտոնական հայտարարություն՝ նա պատասխանեց. «Մեզ շատ լուրջ որոնումներ անելու պետք չունենք, որովհետեւ տեղի է ունեցել ՀՀ-ի՝ պաշտոնապես որդեգրած ուղեգծից շեղում, ՀՀ իշխանությունների՝ բազում անգամներ հայտարարած ուղուց շեղում: Որքանով է այդ շեղումը վերջնական, երեւի մի քիչ պիտի համբերենք, հստակեցնենք»: Մեր հարցին՝ այսինքն, նախագահի խոսքն արժեք չունի՞՝ Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Եթե նախագահի խոսքն արժեք ունի, ուրեմն՝ ունի: Նախագահի խոսքը, որ միանալու ենք, թեքվելու ենք դեպի Եվրամիություն՝ արժեք ունե՞ր: Եթե ուներ դա, ուրեմն արժեք ունի, իսկ եթե խոսքը փոխում է, ուրեմն պիտի ասի, որ ինքը փոխում է իր խոսքը, բայց որեւէ ժողովուրդ, որեւէ պետություն այդպես արագ չի փոխում իր կողմնորոշումը: Ավելի ճիշտ, այստեղ կողմնորոշում փոխելու հարց չկա»: Հարցին՝ Դուք դատապարտո՞ւմ եք տեղի ունեցածը՝ նա պատասխանեց, որ երբ հստակ իմանա, թե ինչ է տեղի ունեցել, այն ժամանակ գնահատական կտա: Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ մենք միանում ենք Մաքսային միությանը՝ պարոն Հայրիկյանը պատասխանեց. «Ինքը միանո՞ւմ է՝ ինքը դրա իրավունքն ունի: Ինքը Հայաստանի Հանրապետության անունից շատ բան կարող է հայտարարել, բացի ՀՀ-ի ստրատեգիական կողմնորոշմանը վերաբերող հարցերից»: Պարույր Հայրիկյանը, հարցին՝ դարձի ճանապարհ այլեւս տեսնո՞ւմ եք՝ ասաց. «Ես դարձի ճանապարհի խնդիր չունեմ, թող դարձի ճանապարհի մասին իրենք մտածեն: Մի անգամ իմ առաջարկով մեր ժողովուրդը գնացել է անկախության՝ հանրաքվեի ճանապարհով եւ հանրաքվեի ժամանակ ասել է՝ մենք կողմ ենք անկախ, ազատ Հայաստանին՝ Սովետական միության կազմից դուրս: Ահա Պուտինը ստեղծում է Սովետական միություն, ինքը դա չի թաքցնում: Ուրեմն մեկ անգամ էլ պետք է ինչ-որ բան ներկայացնեմ»: Հարցին՝ այդ որոշումն անսպասելի՞ էր՝ նա պատասխանեց. «Դուք կարո՞ղ եք հայտնվել մի միջավայրում, որտեղ փուշ է աճում եւ սպասեք, որ այդ փշի վրա պետք է վարդեր երեւան, հնարավոր համարո՞ւմ եք: Հնարավոր չի, չէ՞: Հիմա այսպիսի լուրջ հարցից առաջ Հայաստանում լռություն էր տիրում, այդ պայմաններում ո՞նց կարող էր անսպասելի լինել: Լուսավոր ճանապարհ ընտրած մարդը չի լռում, ինքը հստակ ասում է՝ ես ընտրել եմ այս լուսավոր ճանապարհը, սա արդար ճանապարհ է: Դա պիտի վերաբերվեր եւ խորհրդարանին, եւ Սահմանադրական դատարանին: Այդ հարցը չէր կարող լռությամբ ինչ-որ մի տեղ մշակվել: Հայաստանը որեւէ մեկի դուքանը չի՝ ոչ իմ, ոչ էլ նախագահի»:
Աղբյուր՝ Aravot.am
ԴԷՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ
Նուիրում եմ բոլոր ժամանակների բոլոր ազգերի ազատասէր մարդկանց..
Ժողովրդավարութիւնը մեծագոյն համամարդկային արժէքներից է։ Պետութիւնների ժողովրդավարականութեան կողմնակիցներն արձանագրում են, որ իր բոլոր թերութիւններով հանդերձ ժողովրդավարութիւնը հասարակական յարաբերութիւնների կարգաւորման եւ ազգային պետական կեանքի կառավարման լաւագոյն համակարգային հնարաւորութիւնն է։ Ընդգծւում է նաեւ այն, որ ժողովրդավարութիւնը դարձել է միջազգային յարաբերութիւնների կարգաւորման, պետութիւնների խաղաղ գոյակցութեան եւ զարգացման գլխաւոր նախապայմանը։