Category: Հարցազրիւյցներ
Published on 24 July 2013
Print

Տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ընդվզող քաղաքացիների շարժումը միանշանակ դրական երևույթ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը։ «Աննախադեպ քաղաքացիական շարժում է դրսևորվում փոխադրամիջոցների սակագնի փոփոխության համար. որևէ մեկը չի կարող դա բացասական երևույթ համարել»,- ասաց նա:

Պարույր Հայրիկյանի կարծիքով՝ երևույթը, որի դեմ ընդվզում են մեր քաղաքացիները, հետևանք է մեկ այլ երևույթի՝ գազի գնի բարձրացման. «Մինչև բարձրացումը պետք է գործողությունների ծրագիր մշակած լինեին, բանակցեին հարևան պետությունների և եվրոպական կազմակերպությունների հետ»։ Նա հավելեց, որ այդ բարձրացումը դեռևս ամրագրված չէ:

Բանախոսն, անդրադառնալով գազի գնի բարձրացմանը, հարցադրում արեց և ինքն էլ պատասխանեց իր հարցին. «Հայաստանը բանակցե՞լ է Պարսկաստանի հետ՝ գազի գնի հետ կապված։ Ո՛չ։ Ուրեմն ունենք ծախու արարածների հավաքածու: Ռուսաստանը բարձրացրեց գազի գինը՝ վազելով բարձրացրեցիք, ուրեմն ճորտ եք՝ Ռուսաստանի ճորտ»:

Ստեղծված իրավիճակը, ընդվզումը, ըստ Հայրիկյանի, «մանր-մունր հարց» է, ինքն էլ մանր-մունր հարցերով չի զբաղվում. «Սա հետևանք է մեկ այլ բանի, ես հետևանքներով չեմ զբաղվում, ես պատճառներով եմ զբաղվում»։

 

Աղբյուր՝ 1in.am

 
Category: Հարցազրիւյցներ
Published on 28 March 2013
Print

Քիչ առաջ mardik.am-ը զրուցեց  ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի մտերիմ ընկեր Կարո Եղնուկյանի հետ՝ կառավարության որոշման  դեմ ուղղված արձագանքների մասին:

Հիշեցնենք, որ կառավարությունը Պարույր Հայրիկյանի բուժման համար տրամադրել է 20 մլն 500 հազար դրամ: Որոշումն արժանացել է բացասական արձագանքների, անգամ   ֆեյսբուքյան խումբ է բացվել ՝ «ընդդեմ կառավարության որոշման» անվանումով:

Պրն Եղնուկյանի խոսքով՝ այդ բարբաջանքները նույն աղբյուրից են, այսինքն՝ երբ  մահափորձից հետո հայտարարեցին, որ Պարույր Հայրիկյանը վիրավորվել է ուսից. «Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը նորից շեշտում է այդ  նույն սուտը՝ Հայրիկյանն ուսից է վիրավորվել: Հայրիկյանի ուսին չեն կրակել, այլ կրծքավանդակին երկու անգամ»։

Անդրադառնալով  կառավարության որոշմանը՝ Կարո Եղնուկյանը տեղեկացրեց, որ Պարույր Հայրիկյանը գումար չի պահանջել. «Կարծես թե միտումնավոր ուզում են Հայրիկյանին վարկաբեկել»,-  ասաց  զրուցակիցս՝ հավելելով, որ Հայրիկյանը տեղյակ չի եղել և իրեն անգամ չի հետաքրքրել՝ ինչքան գումար կհատկացնեն. «Այդ բարբաջողները չեն հասկանում, որ խոսքը մարդու առողջության մասին է:Մի մարդ, ով իր ամբողջ կյանքը անցկացրել է բանտերում՝ հանուն Հայաստանի անկախության,մարդ, ով   մեր պետության  կերտման գործում դրական  ներդրում է ունեցել, երբևէ պաշտոն չի ունեցել, մերսեդեսներ և բենթլիներ չի քշում,  պալատներ, բիզնեսներ չունի:  Այդ մարդու վրա մահափորձ են կատարում, որի պատճառով նա երկու ամիս ցավերի մեջ է լինում: Հիմա էդ մարդուց ինչ եք ուզում, չգնա՞ բուժվի այդ մարդը:  Լուսինե բադալյաններն ու չգիտեմ  ինչյանները  Հայրիկյանի եղունգի չափ վաստակ չունեն  մեր պետության կառուցման գործում»,- ասաց պրն Եղնուկյանը՝ հավելելով, որ այդ գումարը վճարվելու է այն հիվանդանոցին, որտեղ  բուժվելու է ԱԻՄ ղեկավարը:

Աղբյուր՝ mardik.am

 

 
Category: Հարցազրիւյցներ
Published on 15 March 2013
Print

  - Պարոն Հայրիկյան, Դուք շուրջ 17 տարի քաղբանտարկյալ եք եղել, հացադուլի դիմե՞լ եք:

-Շատ հաճախ եմ դիմել հացադուլի:

- Հիմա հացադուլ է անում Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Երևանում և մարզերում տևական հանրահավաքներից հետո, երբ մեծ հաշվով խոսքը տեղ հասցնելու սահմանափակում չունի: Արդյոք կարո՞ղ է սա արդյունավետ միջոց համարվել:

- Պետք է ասեմ, որ հացադուլն ընդհանրապես շեշտադրված ձև է, այդպիսին եղել է նաև բանտային պայմաններում, կարևորը ասելիքդ է: Օրինակ՝ եթե մենք ասում էինք՝ Սահմանադրության համաձայն՝ մենք պահանջում էինք անկախություն, և դուք պարտավոր եք այդ անկախությունը տալ: Մեր գործողությունների կարևորությունը հենց այդ շեշտադրումն էր: Հացադուլով ասում ես՝ ե՛կ այստեղ, հացադուլն ուղղակի շեշտադրում է, այդ շեշտը կիրառելի է և՛ ծանր պայմաններում, և՛ խաղաղ պայմաններում: Ընդհանրապես քաղաքական գործիչները գործում են տվյալ պետության ընձեռած հնարավորություններով, ծրագրերի շուրջ մարդկանց համախմբելով: Այդ ամենը ավարտվում է ընտրություններով, բայց եթե ընտրությունների նկատմամբ վերապահություն ունենք, այդ դեպքում պետք է գործեն սահմանադրական միջոցները, այն, ինչ այսօր Հայաստանում արվում է: Բայց, որպես այդպիսին, աշխարհում որպես քաղաքական պայքարի մեթոդ՝ հացադուլը երբեք դեր չի ունեցել: Ազգային-ազատագրական պայքարում հացադուլն ունեցել է բարոյական դրսևորում: Այսօր բարոյականի վրա է շեշտադրումը կատարվում: Րաֆֆին նաև բավարար փորձ պետք է ունենա՝ իմանալով Ամերիկայի տարբեր հացադուլների պատմությունները և դրանց արդյունավետության չափը:

- Այսինքն՝ արդյունավետությունն այսօրվա հացադուլի մե՞ջ չեք համարում:

- Րաֆֆի Հովհաննիսյանը ցուցաբերեց պատրաստակամություն՝ գնաց և խոսեց Սերժ Սարգսյանի հետ: Առաջին հայացքից կարող է ծիծաղելի թվալ, այսինքն՝ ուզում ես խոսել նախագահի հետ, ում համարում ես ոչ լեգիտիմ նախագահ, բայց մյուս կողմից՝ սա երկխոսության փորձ է, և դա ավելի մեծ արդյունք կարող է տալ, եթե Սերժ Սարգսյանը արձագանքի, քանի որ մեկ անգամ արձագանքեց, և արդյունք չեղավ, իրար չհասկացան:

- Րաֆֆի Հովհաննիսյանին նորանկախ  Հայաստանի պատմության մեջ հաջողվեց անել մի բան, որը մինչև այժմ որևէ ընդդիմության չէր հաջողվել, նա հավաքեց,  ըստ պաշտոնական տվյալների, ձայների 37 տոկոսը, որը երբևէ բոլոր ընդդիմություններից ամենաշատն  է: Հիմա նա փորձում է  վերկուսակցական կոնսոլիդացիա ստեղծել, քաղաքացիական կոնսոլիդացիա: Արդյոք  քաղաքացիական կոնսոլիդացիայի հիման վրա քաղաքական մոդել հնարավո՞ր է, թե՞ ոչ:

- Հետաքրքիր մի քանի հարցեր տվեցիք: Ի պատիվ Սերժ Սարգսյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվեց ավելի ձայներ հավաքել, ինչու եմ ասում՝ ի պատիվ, որովհետև երբեք ընդդիմության դաշտը ցածր տոկոսներ չի ունեցել, ինչը գրանցվել է պաշտոնական տվյալներով՝ թե Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, թե հետագայում:  Արդյոք  ճշտե՞լ եք, թե 96-ին մեր միասնական թեկնածուի տոկոսներն ինչքան  են եղել, երբ  ասում եք՝ Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվեց շատ տոկոս ստանալ…

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին՝ գեղեցիկ չէ, երբ դուք հանկարծ ասում եք, որ բժիշկների գործը այսուհետև պետք է անեն բուժքույրերն ու բուժակները. դա պարզապես ազնիվ չէ: Քաղաքական կյանքով զբաղվում են քաղաքական գործիչները,  իսկ քաղաքացիները հուշողներ են և ի վերջո՝ իրենց ձայները միասնաբար այս կամ այն քաղաքական ուժին տալով՝ նրանց հնարավորություններն ընդարձակողներն են: Եթե ֆուտբոլի դաշտում ֆուտբոլիստի փոխարեն բասկետբոլիստը խաղա, որքանո՞վ առողջ կլինի: Քաղաքացիական հասարակությունն իր դերն ունի, քաղաքականը՝ իրենը: Այո՛, լինում են պահեր, երբ քաղաքականն ու քաղաքացիականը համատեղում են, բայց  Կեսարինը՝ Կեսարին, Աստծունը՝ Աստծուն. քաղաքական գործունեությամբ զբաղվելու են քաղաքական գործիչները: Այլ բան ասել՝ նշանակում է խուսափել պատասխանատվությունից:

- Ինչո՞ւ Ձեզ չհաջողվեց  հանրային կոնսոլիդացիա ստեղծել, համախմբել, հնարավո՞ր է՝ կրակելը պատճառ հանդիսացավ նման արդյունքի:

- Միասնական թեկնածուի մասին խոսակցություններով ես կարողացա մարդկանց մեջ բևեռանալու ձգտում առաջացնել, և դրանից հետո է, որ այն, ինչ չհաջողվեց անել պաշտոնապես, արեցին ինքնուրույն: Ինչո՞ւ ինձ չհաջողվեց, որովհետև Բագրատյանն ընդգծված ՀՀՇ-ական էր: Իսկ իմ կրծքին կրակեցին,իսկ նա ասաց, թե դեռ պետք է պարզել՝ արդյոք դա մահափո՞րձ է: Փաստը մնում է փաստ, որ ինձ խաղից հանեցին, և ես էլ թույլ չտվեցի, որ ինձ խաղից հանողները Հայաստանի ժամանակացույցն էլ փոխեն: Ինչո՞ւ ինձ չհաջողվեց լինել այդ դերում, հիմնականում պատճառն այն է, որ  Հայրիկյանին փորձեցին դարձնել դիակ, ես էլ  փորձեցի կանխել, ժամանակացույցը փոխել, և շատ լուրջ գործընթացներ սկսվեցին: Ինձ համար շատ հստակ էր՝ որտեղից էր ուղղորդվում այդ ամենը:

- Պարոն Հայրիկյան, Դուք առաջին օրվանից ասում էիք, թե ռուսական իմպերիալիզմի ձեռագիրն է:

- Ոչ թե առաջին օրվանից, այլ միայն առաջին օրը: Իմ հանդեպ կիրառած գործելակերպից ռուսական իմպերիալիզմի ձեռագիրն եմ այստեղ տեսնում՝ ներառյալ ԿԳԲ-ի: Ռուսական բազմաթիվ լրատվամիջոցներ այդպես էլ ասել են, այո, այդպես էլ կա, իսկ ինչո՞ւ պետք է Հայրիկյանը դրական հիշվեր,  իմ մոտեցումը, վախենում եմ, ճշմարտությանը շատ մոտ լինի:

- Թեև իշխանությունները որևէ ձևով չփորձեցին պաշտպանել ռուսներին, ռուսական տարբեր պաշտոնյաներ, սակայն, ասացին, որ իրենց ձեռնտու չէ Հայաստանում անկայունություն ստեղծելը:

- Եթե որևէ ռուս լրագրող ասում  է, թե մեր ինչին է պետք, նա ճիշտ է ասում, ազնիվ է, բայց կան մարդիկ, որ ասում էին՝ Հայրիկյանը Հայաստանի նախագահ չպետք է դառնա, Հայրիկյանի վարկանիշը բարձրանում է, շատ վտանգավոր էին համարում և խոսում էին ապագա ծանր փորձությունների մասին: Դա կարող էր լինել հայ մարդ, ռուսական ազդեցության գործակալ, և  կարող էր լինել ճապոնացի. եկեք կոնկրետացման չգնանք: Ռուսական իմպերիալիզմը մի երևույթ է, որի գնահատականն է՝ իմ դաշնակից  պետությունները չպետք է այնքան հզորանան, որ իմ կարիքը չզգան: Ռուսների մոտ դա արտահայտվել է՝ Հայաստանը մեզ պետք է առանց հայերի,  եթե Հայաստանը առանց հայերի պետք է լինի, ուրեմն աշխարհը պետք է լինի քիչ հայերով: Պատահական չէ, որ տարեկան մոտավորապես  հազար դիակ է Ռուսաստանից բերվում բռնի մահով սպանված: Այդ մասին  չեն խոսում, բայց ես պաշտոնական տվյալներ եմ ստացել, երբ մարդու իրավունքների հանձնաժողովում էի աշխատում: Այսինքն՝ Ռուսաստանում այն ուժերը, որոնք այդ հարցում դերակատարություն ունեն, շարունակում էին այդ գիծը: Մոռանալ, որ այսօրվա Արցախի, Նախիջևանի խնդիրները ստեղծված են իմպերիալիստական Ռուսաստանի կամքով,  նշանակում է լինել կործանման արժանի ողորմելիների հավաքածու:Ես Հայաստանում թույլ չեմ տվել, որ այդ որակը մնա՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից:

  - Դուք այն կարծիքին եք, որ  Վարդան Սեդրակյանը չէ՞ր կարող նման բան իրականացնել:

- Ես չեմ ասում՝ նա չի կարող լինել, նույնիսկ դուք կարող էիք լինել որպես միջնորդ. ձեզ տալիս են կես միլիոն դոլար, ասում են՝ պետք է վերացնել այս մարդուն, դուք էլ ասում եք՝ ինչ կա որ: Այնպես որ՝ որևէ մեկին չեմ բացառում, բայց անձնական պատճառ նա չէր կարող ունենալ:

- Իսկ Հայաստանի որևէ քաղաքական որևէ ուժ կամ քաղաքական գործիչ, կարո՞ղ էր ռուսական իմպերիայի հետ միջնորդ լինել, այսինքն՝ նպատակ ունենար Ձեր  կյանքին վերջ տալով՝ քաղաքական  վեկտորի փոփոխության հասնել, մանավանդ, որ Դուք եվրաինտեգրման  ճանապարհն էիք նախընտրում:

- Առաջին՝ Հայրիկյանին վերացնելը ցանկալի է որպես երևույթ, որպես խորհրդանիշ բազմաթիվ դրսևորումների և հայոց ճակատագիրը սեփական ուղով տանելու հնարավորության մարմնացում, դա շատ անցանկալի բան է: Մեզ մոտ ընդունված է ասել՝ անհատից ոչինչ կախված չէ, բայց Հայրիկյանի օրինակով երևում է, որ շատ բան է կախված եղել: Օրեր առաջ նշում էին ազգային բանակի ստեղծման հարցում Վազգեն Սարգսյանի դերը, բայց ազգային բանակի գաղափարը ես եմ նրան տվել, նա խորհրդարանում իմ դեմ ելույթներ է ունեցել, ինքը ասում էր՝ ռուսները մեզ խոստացել են, Վանաձորի վաշտ են տրամադրելու, մենք Վանաձորում կարող ենք  մեր նորակոչիկներին տեղավորել, բայց ես ասում էի՝ ոչ, մերոնք սովետական բանակ  չպետք է գնան, մենք պետք է ունենանք ազգային բանակ:

Այսինքն՝ կար մտայնություն, որ ես հաղթել եմ, և այդ հաղթած մարդը պետք չէր մեր թշնամիներին: Առաջին՝ պետք էր Հայրիկյանին վերացնել, երկրորդ՝ պետք էր փոխել մեր երկրի ժամանակացույցը և, ինչպես դուք նշեցիք, փոխել Հայաստանի արտաքին կողմնորոշումը դեպի որևէ կողմնորոշւմ, որովհետև Եվրոպա նշանակում է ինքնորոշում: Հիմա քաղաքական ուժերից որի՞ն կարող էր ձեռնտու լինել: Մեկ բան եմ ուզում շեշտել՝ մասնակիցների հարցում  դժվար է որոշակի բան ասել, բայց որ դա ձեռնտու է այն ուժերին, որոնք չմասնակցեցին ընտրություններին,  ակնհայտ է: Վահան Հովհաննիսյանն էլ այդ բանը դրսևորեց, այսինքն՝ Վահան Հովհաննիսյանը խոսեց տեռորիստների օգտին: Երբ Բորդյուժան խուճապի մատնված ասաց, որ ինքը դեռ կասկածում է՝ մահափո՞րձ է դա, թե՞ ոչ, անմիջապես  դրան արձագանքեց Բագրատյանը՝ հրապարակավ ասելով, որ դեռ պետք է պարզենք՝ դա մահափո՞րձ  է, թե՞ ոչ: Մինչդեռ ցանկացած գրագետ մարդ գիտի, որ կրծքին կրակոցը մահ է, ոչ թե մահափորձ, հրաշքով իմ բախտը բերեց: Այսինքն՝ մարդիկ անմիջապես արձագանքեցին, տեռորիստները իրենց ցանկություններն իրականացնողները դարձան, մեկը՝ խանդից, մյուսը՝ բարդույթից: Օրինակ՝ դաշնակցականները 110 տարի գործում են, բայց որևէ օգուտ չեն կարողացել ժողովրդին տալ: Կասկածել նրանց հայրենասիրությանը՝ չի կարելի, բայց կարծես անեծքի տակ լինեին, ինչի կպնում՝ փչացնում էին. Արևմտյան Հայաստանի խնդրին կպան՝ նպաստեցին կործանմանը: Հիմա այդ մարդիկ պարապ-սարապ ման են գալիս, «Հայաստան» էին գոռում, բայց Հայրիկյանի գլխավորությամբ Հայաստանում  պայքար էր գնում անկախության համար, որը հենց Հայրիկյանի ասած ճանապահով էլ իրականություն դարձավ: Կա խանդ,  կա բարդույթ, բայց կան  նաև օտար գաղտնի պետությունների թելադրանքով առաջացող դրսևորումներ:

- Մեծ հաշվով՝ Ձեզ հետ կատարվածը ցույց տվեց, որ  այդ քաղաքական գիծը ընդհատել չստացվեց,  նպատակին չհասան, հնարավո՞ր է, որ նոր կրակոց լինի:

- Ամբողջ լրատվական աշխարհն արձագանքեց, որ ինձ հետ կատարվածը մահափորձ չէ, որ ուզում էին միայն վախեցնել: Ես նկատում եմ, որ այդ մտայնությունը կա նաև կալանվածների մոտ, կա միասնական  գիծ, գործով մեղադրվողները ասում են, որ իրենք միայն ուզում էին վախեցնել, բայց եթե դու ուզում էիր վախեցնել, կարող էիր ինչ-որ ձևով վախեցնել, մինչդեռ դու կրակել ես մարդու կրծքին, ընդ որում՝ մի հատ կրակելուց հետո երկրորդն էլ ես կրակել, որն անցել է մարմնի վրայով: Երբ ասում են, որ  Հայրիկյանն  ինքն էր կազմակերպել, սկսում ես հասկանալ, որ դու ապրում ես մի միջավայրում, որտեղ իսկական սրիկաների թիվը շատ մեծ է: Ես գիտեմ, որ պետական շատ պաշտոնյաներ կանչել են իրենց աշխատակիցներին՝ հասկանալով հանդերձ, որ դա  պետության դեմ է ուղղված, ասել են, որ Հայրիկյանն ինքն էր կազմակերպել, այսինքն՝ այսքան մեծ քանակությամբ սրիկաների առկայություն հնարավոր է միայն այնտեղ,  որտեղ այսպիսիների առկայության պայմաններում հնարավոր է ձեր ասած վտանգի կրկնությունը: Ես այս ճանապարհով գնացել եմ 19 տարեկանից:

Մեր երիտասարդներին պետք է ասեմ՝ մի՛ վախեցեք, մեր հակառակորդների հիմնական դաշնակիցը մեր վախն է, և պետք է աշխատենք այդ վախը հաղթահարել, հավատալ Աստծուն և հավատալ, որ Աստված մեր պահապանն է: Ով Աստծու հետ է, նա անպարտ է:

 

Աղբյուր՝ 1in.am

 
Category: Հարցազրիւյցներ
Published on 25 March 2013
Print

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը:

 

- Պարոն Հայրիկյան, այսօր հայտարարությամբ հանդես եկաք՝ առաջարկելով գլխավորել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը: Ստացե՞լ եք որևէ առաջարկ, թե՞ դա սեփական նախաձեռնություն է: Ինչո՞ւ հիմա որոշեցիք բարձրաձայնել այս մասին:

 

- Որևէ առաջարկ չեմ ստացել, պարզապես տեսա, որ թեև նախընտրական փուլում միայն ես էի խոսում Հայաստանում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, բայց հիմա իմ այդ գաղափարը, թեկուզ առանց դրական զարգացումների, դարձել է քննարկման առարկա: Ես կարծում եմ՝ ասելիք ու անելիք ունեմ, մանավանդ, որ ես 1998-99թթ. եղել եմ այդպիսի հանձնաժողովի նախագահ: Եվ հիմա, եթե սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի իրականացման գաղափարը կյանքի կոչվի, բոլորի բարի կամքի դրսևորման դեպքում, բոլոր հարցերի պատասխանները կտրվեն, և այն կդառնա հետագա գործողությունների միասնական սկզբի ելակետ:

 

- Հայտարարության մեջ նաև նշել եք, որ այդ գործընթացի առողջ զարգացմամբ կարելի է դրական արդյունքների հասնել ոչ միայն ռազմավարական՝ համակարգային փոփոխություններ կատարելու հարցում, այլև ընթացիկ քաղաքական, այդ թվում՝ արտահերթ ընտրություններ կատարելու հարցում։ Արտահերթ ընտրությունների անցկացումն ինչպե՞ս եք պատկերացնում, երբ այն ի սկզբանե մերժվեց Սերժ Սարգսյանի կողմից:

 

- Սահմանադրական բարեփոխումներն ավարտվում են Սահմանադրության հանրաքվեով: Սահմանադրական բարեփոխումների փաթեթի մեջ լինում է անցումային դրույթ, և մենք շատ արագ կարող ենք կյանքի կոչել (ես կարող եմ շատ արագ՝ վեց ամսվա ընթացքում այդ աշխատանքներն ամփոփել, քանի որ նախևառաջ պատրաստի մոդել, բանաձև ունեմ), և ես գիտականորեն բոլոր հարցերի պատասխանը տվել եմ, առաջնորդվում եմ մարդու իրավունքներով, ժողովրդավարական սկզբունքներով: Սա հնարավորություն կտա, որ բոլորը գան մեկ  միասնական եզրակացության, և ոչ թե գանք դեռ հարյուր տարի առաջ հայտնագործված համամասնականին, այլ  համամասնական վարկանիշայինին, դրան ավելացրած քաղաքացիական օրենսդրությունից բխող ձայները փոխանցելու իրավունքին:

 

Մի կատարյալ բանաձև ունեմ, որ ընդամենը լսել է պետք, ցանկացած գրագետ մարդ մեկ շաբաթվա ընթացքում կհամոզվի, որ դա անառարկելի ճշմարտություն է: Ես հիմա դրա վրա ինչ-որ չափով հույս եմ դնում, բայց ոչ թե իմն եմ առաջ տանում, այլ առաջ եմ տանում մարդու իրավունքների պահպանումը մինչև վերջ և կատարյալ ժողովրդավարության հասնելու պահանջը: Սա կկատարվի բավական արագ, քանի որ, ինչպես ասացի, ես  փորձ ունեմ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով գլխավորելու, դրա համար բավականին արագ կանեմ։ Երբ գործն ավարտվեց, հարցը կմտնի խորհրդարան, բարի կամքի դեպքում խորհրդարանը կընդունի կամ ոչ, այս դեպքում մենք բոլորս, ուզենք-չուզենք, հանուն նոր սահմանադրության դառնում ենք հեղափոխական, և այդ հեղափոխությունը չի լինի իշխանություն-ընդդիմություն հարատև վեճ, այլ կլինի ժողովրդավարական և հակաժողովրդավարական Հայաստան, որովհետև այսօր իշխանություն և ընդդիմություն տարբերակում կա: Եթե գնում ենք մինչև վերջ, տեղի է ունենում հանրաքվե, հանրաքվեով ընդունվում է սահմանադրություն, դրա մեջ ամրագրվում են անցումային դրույթները, սահմանադրության բարեփոխումից հետո պետք է իրականացնել սահմանադրությանը համապատասխանող նոր խորհրդարանի ձևավորումը։ Այսինքն՝ արտահերթ ընտրությունների հարցը այս քայլով կարող է լուծվել: Բացի այդ, եթե վերանում է նախագահի պաշտոնը, այն փոխարինվում է վարչապետի պաշտոնով, արդեն մենք ունենում ենք ընտրովի վարչապետի նոր ընտրություններ:

 

Այստեղ կարևոր է, որ մենք մահերով, դիակներով չսպառնանք իրար։ Նման տրամադրություն եմ տեսնում, որ ինչ լավ է՝ Րաֆֆին կմեռնի, կհարամվի ամեն բան...այս ինչ այլանդակ մտածելակերպ է: Կամ Րաֆֆին ասում է՝ ապրիլի 9-ին միայն իմ դիակի վրայով տեղի կունենա երդմնակալության արարողությունը, բայց ինչի իր դիակի վրայով: Ո՛չ Րաֆֆիի, ո՛չ Սերժ Սարգսյանի դիակը մեզ պետք չէ, մենք պետք է վերջ տանք դիակապաշտությանը: Տեսեք՝ մեր հերոսների 90 տոկոսը հերոս է դարձել, երբ դիակ է դարձել… վե՛րջ տվեք մեռելապաշտությանը, Աստված մեզ այդպիսի բան չի սովորեցրել: Թե՛ ՀՀԿ-ն, թե՛ «Ժառանգություն» կուսակցությունը  Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ են, բայց իրար դեմ են պայքարում: ԱԻՄ-ն էլ Եվրոպական  ժողովրդական կուսակցության ներկայացուցիչն էր Հայաստանում:

 

Ես ինչո՞ւ եմ այս առաջարկն անում. ինչպես հայտարարությանս մեջ գրել եմ՝ Րաֆֆին և Սերժ Սարգսյանը իրար բացարձակապես չեն մերժում, իրենք պատրաստ են երկխոսության, բայց Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ պետք չէ երկխոսություն սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի շուրջ, նա առօրյա քաղաքական խնդիրներով է ուզում զբաղվել, որոնք կարող են տևել տասնամյակներ: Ես այդ գործի կարևորությունը հասկանում եմ, գիտեմ, որ սահմանադրական բարեփոխումների աշխատանքը ստրատեգիական հարց է, չեմ ուզում նսեմացնել մյուսների ցանկությունները: Այն, ինչ Րաֆֆին ասում է՝ շատ կարևոր է, այն, ինչով մտահոգ  է Սերժ Սարգսյանը՝ դարձյալ շատ կարևոր է, բայց ես ունեմ իմ պատկերացումները, ես միշտ առաջնորդվել եմ ստրատեգիական խնդիրներով: Սա իմ ոլորտն է, սահմանադրականության հաստատման մեծագույն ներդրումը ես եմ ունեցել, դրա մասին նույնիսկ ժամանակին Գագիկ Հարությունյանը հայտարարություն արեց:

 

- Հայտարարության մեջ ձևակերպել էիք՝ այլապես որպես ազգ, վերջնականապես բնաջնջվելու սպառնալիքի առջև ենք կանգնելու: Կարծում եք՝ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը կկանխի՞ սա:

 

- Ներկա իրավիճակն առավել քան ծայրահեղ է, այնքան ծայրահեղ, որ 1915 թվականից առաջ այսքան ծայրահեղ չի եղել: Մենք՝ որպես պետություն, ինչ-որ չափով միջազգայնորեն պաշտպանված ենք, սակայն ավելի վատ վիճակում ենք, քան 15 թվականից առաջ, և եթե մենք խելքներս գլուխներս չհավաքենք, մեզ շատ վատ  ապագա է սպասվում:

 

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, աշխարհի բոլոր ազգերին բնորոշ առօրեական քաղաքական գործընթացներ են, բայց մենք առօրեականով չպետք է բավարարվենք, մենք սրընթաց պետք է առաջ գնանք, եթե չենք ուզում կործանվել: Այսօրվա իշխանություններն առօրեական քաղաքական կյանքով հանգիստ ապրում են, ինչպես աշխարհի բոլոր իշխանությունները, և կանեն առանց որևէ խնդիրների: Մենք արդեն դա տեսնում ենք, այլ բան է, որ նրանց պատրաստակամությունը պետք է մենք այսօր օգտագործենք, որովհետև  վաղը կարող է ասեն՝ հավես չունենք։ Այդ ժամանակ ի՞նչ պետք է անենք՝ հեղափոխությո՞ւն… Գումարտակ էլ չէ, մեկ վաշտն էլ բավական է հեղափոխությունը ճնշելու համար: Մանավանդ՝ մեր ազգն իր հեղափոխական դրսևորումներով հայտնի չէ. միակը ազգային-ազատագրական պայքարի՝ 1921 թվականի փետրվարի 18-ի ապստամբությունն էր բոլշևիզմի դեմ, ուրիշ հեղափոխական դրսևորում մենք չենք ունեցել:

 

Քաղաքացին պետք է լինի երկրի կառավարման անմիջական իրականացողը, երկրի տերը: Խորհրդարանն անպայման պետք է լինի առավելագույնը ներկայացուցչական, համամասնականի մասին խոսում են, քանի որ համամասնականն ավելի ներկայացուցչական է, շատ ավելի ներկայացուցչական, քան մեծամասնականը, բայց սա արդեն հնացած է, ես առաջարկում եմ ավելի լավը, ոչ թե դեմ եմ համամասնականին, այլ եթե համամասնական, ապա համամասնական վարկանիշային: Այս բոլորը մենք կքննարկենք սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում:

 

- Ի՞նչ եք կարծում՝ Ձեր նամակն արձագանք կգտնի՞ Սերժ Սարգսյանի կողմից:

 

- Մենք Սերժ Սարգսյանից արդեն իսկ մի լավ փոխանցում ենք ստացել. ինքը խոսել է սահմանադրական բարեփոխումների համար հանձնաժողով ստեղծելու և այդ հանձնաժողովի նախագահ Րաֆֆի Հովաննիսյանին կարգելու մասին: Րաֆֆիի չտված պատասխանի փոխարեն՝ ես պատասխանում եմ, Րաֆֆիի մերժմանը ես տալիս եմ պատասխան, այստեղ Սերժ Սարգսյանից շատ բան կախված չէ, Սերժ Սարգսյանը կհայտնվի փակուղային վիճակում, եթե հիմա ինձ ասի համաձայն չէ, քանի որ ինքն է առաջակել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որը, ի դեպ, կար միայն իմ նախընտրական ծրագրում։ Հիմա մնում է Րաֆֆին ասի, որ իմ առաջարկն ընդունում է, բայց լավ կլինի, ինչպես Հայրիկյանը հայտարարել է, ինքն էլ թող ղեկավարի: Ես Րաֆֆուն Զատկի տոնից առաջ հնարավորություն եմ տալիս վերջացնել հացադուլը  և անցնել իր լիարժեք քաղաքական գործընթացներին, այսինքն՝ այս քայլը ո՛չ Րաֆֆուն, ո՛չ որևէ մեկին չի կաշկանդում, և չնայած գիտեմ, որ շատ վայրահաչոցներ կլինեն, դա ընդունված է քաղաքականության մեջ, ես ողջունում եմ բոլորի քննադատությունը, բայց ոչ վայրահաչոցները:

 

Սերժ Սարգսյանն առաջարկել է մի բան, որին ես հնարավորություն եմ տալիս իրականանալ Հայրիկյանի միջոցով, Րաֆֆին  իր բոլոր ծրագրերը  կարող է իրականացնել՝ զուգահեռաբար ունենալով այս գործիքը: Ես 98-ին նախընտրել եմ սահմանադրական բարեփոխումները և երկիրը բռնապետությունից դարձրի համեմատաբար տանելի պետություն՝ սահմանադրական կարգով: Հիմա ուզում եմ մինչև վերջ հասցնել, քանի որ աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը դառնալու դեպքում, եթե Հայաստանի մասին այսօր գիտի աշխարհի մեկ տոկոսը, այդ դեպքում կիմանա քսան տոկոսը և իմանալու է որպես մի բացարձակ ժողովրդավարական համամարդկային որակ, իսկ համամարդկային որակին սպառնացող վտանգը ամբողջ աշխարհին  է սպառնում որպես վտանգ: Պետք է հասկանալ՝ սա նաև ազգային անվտանգության մեծ խնդիր է:

 

Աղբյուր՝ 1in.am

 
Category: Հարցազրիւյցներ
Published on 13 March 2013
Print

ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը շարունակում է մնալ նույնը, այն էապես չի փոխվել:NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ բժիշկներն ամեն ինչ անում են, բայց ամենակարեւորը դեռ չի ստացվում: «Թեւիս աշխատանքը բարելավվել է, թեւս, ուսագոտին բարելավվում է, բայց մատներս, որոնցով հիմնական աշխատանքը պետք է անեմ, թուլանում է: Ոնց որ մատների փոխարեն ինչ-որ բաներ լինեն, թմրած են եւ ցավոտ»,- նշեց նա:

Նախագահի նախկին թեկնածուին բժիշկներն ասել են, որ 3-6 ամիս կարող է տեւել ապաքինումը, իսկ բարեկամներն եւ ընկերները անընդհատ հորդորում են մեկնել արտերկիր եւ բուժվել: «Ահագին տեղեր են արել, skype-ով էլ որոշ մարդկանց` բժիշկների հետ եմ խոսել ԱՄՆ-ում, Բելգիայում, Հոլանդիայում ծանոթներ կան, պայմանավորվել եմ, բայց ուզում եմ տեսնեմ ինչ կլինի այստեղ»,- նշեց նա:

Հայրիկյանի մտերիմներն անընդհատ ասում են, որ կարող է ուշացնում է արտերկիր մեկնելը, բայց ինքը պատրաստվում է սպասել մեկ շաբաթ, եւ եթե փոփոխություն չլինի, ապա հնարավոր է մեկնի արտերկիր բուժվելու: «Ժամկետ չեմ դրել, կարող է վաղն էլ ասեն գնացեք ու գնամ»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ,  հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Դրանից հետո նա տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, վիրահատվել այնտեղ, իսկ վերջերս այնտեղից տեղափոխվել է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է տասներկուսից քսան տարի ազատազրկում կամ ցմահ դատապարտում): Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում,  փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները: Ավելի ուշ նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանն է կալանավորվել, նա մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար:

 

Page 5 of 11

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>